Իրանի վրեժը կարող է լինել Իսրայելի «Հայֆա քաղաքի վրա հարձակումը», հաղորդում է տեղի ՀԸ-ը

0
219
Լուսանկարում՝ Իրան - Մոհսեն Ֆախրիզադեին տեղափոխող ավտոմեքենան հարձակումից հետո, 27-ը նոյեմբերի, 2020թ․
Լուսանկարում՝ Իրան - Մոհսեն Ֆախրիզադեին տեղափոխող ավտոմեքենան հարձակումից հետո, 27-ը նոյեմբերի, 2020թ․

 

Իսրայելի 11-րդ հեռուստաընկերության փոխանցմամբ` Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին մոտ կանգնած թերթերից մեկը տեղեկացրել է նոյեմբերի 27-ին Իրանի միջուկային բնագավառի առաջատար գիտնական, ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեյի սպանության կազմակերպման համար մեղադրվող Իսրայելի վարչակարգին ուղղված ուղերձի մասին, ըստ որի` «Իրանի վրեժը լինելու է հյուսիսային Հայֆա քաղաքի վրա հարձակումը»:

Իսրայելական հեռուստաալիքը հայտնում է, որ չնայած իսրայելական թիրախներին և արտասահմանում գտնվող ներկայացուցիչներին հարված հասցնելու հավանականությունը հնարավոր է, բայց դրա իրականացումը կարճ ժամանակում բավականին բարդ խնդիր է: Միևնույն ժամանակ, իրանցիները կարող են փորձել Սիրիայի տարածքից հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ իրենց վերահսկողության տակ գտնվող զինյալների օգնությամբ:

Իսրայելական անվտանգության ոլորտի բարձրաստիճան սպաներից մեկը 11-րդ ալիքին փոխանցել էր, որ Ֆահրիզադեյի սպանությունը «այն գծի շարունակությունն է, որը սկսվել էր «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի ոչնչացումից և նպատակ ուներ ճնշել Իրանի ագրեսիվ գործողությունները Մերձավոր Արևելքում»:

Այստեղ չպետք է մոռանալ նաև Լիբանանում գործող շիա մահմեդականների «Հեզբոլա» շարժման մասին, որը վերջին տարիներին բավական համալրել է իր հրթիռային զինանոցն ու 2006թ. տեղի ունեցած երկրորդ իսրայելա-լիբանանյան պատերազմի ընթացքում մինչև զինադադարի կնքումն օրական կտրվածքով հազարավոր հրթիռներ էր բաց թողնում հրեական բնակավայրերի վրա:

Այս գիշեր Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում օդային տագնապ է հնչել, Իսրայելի զինվորական ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստվածության բարձր աստիճանի, հնչել են պայթյուններ, սակայն առավոտյանմ, ինչպես հայտնել են հրեական լրատվամիջոցները, իրավիճակը հանգիստ էր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Իսրայելում պատմական գնահատվեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի` օկուպացված Գոլանի բարձունքներ առաջին անգամ կատարած այցելությունը. նա առաջին նախարարն է, ով այցելեց Գոլանի բարձունքներ:

Այսօր Ամերիկյան «Նյու Յորք թայմսին» տված հարցազրույցում ԱՄՆ հետախուզական վարչության նախկին գործակալ, իսկ այժմ Brookings Institution կենտրոնի վերլուծաբան Բրյուս Ռեդելը հայտնել է, որ դեռևս 2007 թվականից Իրանը մեղադրում է Իսրայելին՝ իր գիտնականներին սպանելու համար: Հեղինակավոր պարբերականը գրում է, որ ըստ Ռեդելի` Իսրայելն օգտագործում է Ադրբեջանի տարածքը հետախուզական և լրտեսների ներգրավման նպատակներով, որի գինն Ադրբեջանին զենքի մատակարարումն է, նույնիսկ վերջին պատերազմի ժամանակ:

Իսրայելի հյուսիսում մոտ 3000 հայ բնակչություն ունեցող համայնքն էլ ուշի ուշով հետևում է իրադարձությունների զարգացմանն ու մտահոգվում` նման տեղեկություններ լսելով:

Հայֆայաբնակ հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը, խոսելով Իսրայելի ու Իրանի միջև ռազմական գործողությունների ու նույնիսկ պատերազմի սցենարի մասին` համայնքի ներկայացուցիչը չէր պատկերացնում հրեական զինվորների Իրան հասցնելու ճանապարհը. «Իսկ եթե պիտի բանակների մեջ կռիվ լինի, դա էլ չեմ պատկերացնում, թե ոնց պիտի լինի, արդյոք Իսրայելը, որ ասել է` պետք է պատրաստ լինեք, արդյոք իսրայելական բանակը պետք է հարձակվի Իրանի վրա և որ ճանապարհով, չեմ կարողանում պատկերացնել»:

Նա քիչ հավանական է համարում պատերազմի սցենարն այժմ, սակայն հյուսիսային բնակավայրերի հրթիռահարումները Լիբանանի կամ Սիրիայի տարածքից կարող են թիրախավորել հենց Հայֆա քաղաքը. «Առաջին հարվածը մենք կստանանք` հայֆացիներս: Այս աշխարհը քանի գնում, շիկանում է, լարվածությունն ուժեղանում է, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կարելի է անել: Իբր թե Իսրայելում կան ռմբապաստարաններ, օրինակ` մեզանից դա բավականին հեռու է, տները հին են, տեղ չկա թաքնվելու: Մեր հույսը մնաց օրորոցին, այսինքն` Աստծու վրա»:

Ասում է` խելքը չի կտրում, թե Իսրայելն իր փոքրիկ տարածքից կհարձակվի, սակայն ռազմական գործողությունների ժամանակ, եթե դրանք լինեն, Իսրայելը կօգտագործի Ադրբեջանի տարածքը թեկուզ իր ինքնաթիռները վառելիքով լիցքավորման համար:

Աղբյուրը՝ Իրանի վրեժը կարող է լինել Իսրայելի «Հայֆա քաղաքի վրա հարձակումը», հաղորդում է տեղի ՀԸ-ը (azatutyun.am)

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here