Ապրիլյան պահանջատիրության արարողություններն Իսրայելում

0
277

Արցախյան երկրորդ գոյամարտից հետո, երբ ամիսներ շարունակ ողջ հայ ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտներ մաքառելու և պայքարելու համար, մենք՝ իսրայելահայերս, այս տարի առավել շատ ապրիլյան Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Իսրայելում կարիք ունեինք կրկնապատկման: Ապրիլի 23- ից առավոտյան Հայֆայից մեկնարկեց ավտոշարասյունն, որին միացան տարբեր քաղաքներից ժամանած մեր հայորդիները: Երուսաղեմում տեղի ունեցավ երթ դեպի Երուսաղեմի Գերմանական թաղամաս, այնուհետև ցույց Երուսաղեմի հայկական թաղամասի ներսում: Շաբաթ օրն Իսրայելի հայկական եկեղեցիներում կատարվեցին եկեղեցական արարողություններ, այնուհետև  պսակադրություն Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի բակում տեղադրված խաչքարերի մոտ, որից հետո երեկոյան Երուսաղեմում տեղի ունեցավ հուշ երեկո: Մի խումբ հայեր անկախ նրանից, որ թուրքիայի դեսպանատան դիմաց ցույց նախատեսված չէր, այնուամենայնիվ շատ գեղեցիկ ցույց անցկացրեցին ու թուրքերն իրենց դեսպանատան լուսամուտներից ինչպես միշտ տեսագրում էին բողոքի ակցիան: Ապրիլյան միջոցառումներն ավարտվեցին Պետախ Տիկվա քաղաքում:

Այս երկրի պատմության մեջ առաջին անգամ  Պետախ Տիկվայի քաղաքային իշխանությունների թույլտվությամբ կառուցված Մեծ Եղեռնի  սրբադասված անմեղ զոհերին նվիրված  հուշարձանի բացման արարողությունը ցավոք սրտի համայնքն անցյալ տարի չկարողացավ ըստ հավուր պատշաճի իրականացնել: Մեկ տարվա ընթացքում այն դարձավ  յուրօրինակ ուխտատեղի  երկրի հայերի համար: Ոչ միայն ապրիլի 24 – ին, այլև Արցախյան երկրորդ հերոսամարտի օրերին ու դրա ավարտից հետո, չնայած որ երկիրը դեռ կորոնավիրուսի համավարակի պատճառով գտնվում էր մասնակի կարանտինի մեջ, մարդիկ առանձին – առանձին այցելում էին  ու հուշարձանի մոտ միշտ կարելի էր թարմ ծաղիկներ տեսնել:

Պետախ Տիկվայի հուշ երեկոն, կազմակերպված պսակադրությունն, խնկարկումն ու մոմավառությունը շատ գեղեցիկ ու հագեցած համերգի հետ միասին մոտ երկու ժամ տևեց, որին մասնակցեցին  Իսրայելում ՀՀ հյուպատոս պարոն Նարեկ Ղազարյանը, , Երկրի կենտրոնական շրջանների հոգևոր հովիվ հայր Գևորգ աբեղա  Հայրապետյանն ու Հայֆայի և  հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանն, Պետախ Տիկվայի քաղաքապետարանից ներկայացուցիչներ՝ քաղաքապետ Ռամի Գրինբերգի գլխավորությամբ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here