
Իսրայելյան «Կան 11» հեռուստատեսության «Ռադիո Ռեկա»-ի շրջանակներում հեռարձակվող Իգոր Խարիֆի հեղինակային ծրագրում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանն ու հայտնի իսրայելցի դերասանուհի Ալյոնա Իվը ներկայացրեցին հայկական դասական գրականության և Վալերի Բրյուսովի հանրահայտ «Հայ պոեզիայի անթոլոգիան»։
Հաղորդումը բացվեց Արամ Խաչատրյանի «Andantino» ստեղծագործությամբ, որը հաղորդմանը հաղորդեց հայկական մշակույթին բնորոշ հուզական և խոր մթնոլորտ։ Ծրագրի ընթացքում անդրադարձ կատարվեց Վալերի Բրյուսովի կարևոր դերակատարությանը հայ գրականության ներկայացման հետ կապված։ Նշվեց, որ Բրյուսովը հայ դասականների ստեղծագործությունները հայերենից թարգմանաբար ներկայացրել էր ռուսերենով՝ ռուս ընթերցողին բացահայտելով հայկական պոեզիայի հարուստ աշխարհը։
Հաղորդման ընթացքում ներկայացվեցին հայ մեծանուն դասականների՝ Ալեքսանդր Ծատուրյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի ստեղծագործություններն ու գրական ժառանգությունը։ Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը ներկայացնում էր յուրաքանչյուր գրողի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին, նրանց դերը հայ մշակույթի և գրականության պատմության մեջ, իսկ Ալյոնա Իվը ռուսերեն լեզվով ընթերցում էր տվյալ հեղինակի ստեղծագործություններից հատվածներ, հնչեց նաև Մակար Եկմալյանի – «Սուրբ – Սուրբ» ստեղծագործությունից հատվածներ։
Գրական ընթերցումները, երաժշտական ձևավորումն ու հաղորդման բովանդակային ներկայացումը հնարավորություն տվեցին լսարանին նորովի ծանոթանալու հայկական դասական պոեզիայի գեղեցկությանն ու խորությանը։ Սա փաստորեն Իսրայելահայ իրականության մեջ առաջին անգամն էր, երբ ռուսերեն լեզվով նման խորությամբ իհարկե ժամանակային սղության պայմաններում ներկայացվում էր հայկական պոեզիան:
Աղբյուրը՝
https://kan.org.il/content/kan/kan-reka/p-10562/1779047436928
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Շնորհակալություն ենք հայտնում Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արման Հակոբյանին նման նախաձեռնության և հայկական մշակույթն ըստ հավուր պատշաճի հրեա ունկնդրին ներկայացնելու համար:




