Իսրայելի հայկական համայնքը տոնեց Սուրբ Հարության տաճարում Ճրագալույցի ու Սուրբ Զատիկի արարողությունները «Ստատուս Քվոյով» նախատեսված ընթացակարգով և Հայ Եկեղեցու որևէ իրավունք չի խախտվել:

0
262
Լուսանկարում՝ հայ, հույն և կաթոլիկ հոգևորականները, Սուրբ Հարության վանքում՝ բոլորաշեն մատուռի մուտքի մոտ, (Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքի տեսուչ, միաբան հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի արխիվից)
Լուսանկարում՝ հայ, հույն և կաթոլիկ հոգևորականները, Սուրբ Հարության վանքում՝ բոլորաշեն մատուռի մուտքի մոտ, (Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքի տեսուչ, միաբան հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի արխիվից)

Այսօր Իսրայելի հայկական համայնքը տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Առավոտյան Սուրբ պատարագ ու ժամերգություն է տեղի ունեցել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մի քանի հայ հոգևորականների մասնակցությամբ:

Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երեկ Ճրագալույցի արարողությունը` Լույսի տոնն առանց հավատացյալների ու եկեղեցական ստվար զանգվածի մասնակցության է տեղի ունեցել, վանքում ընդամենը 12 մարդ է ներկա եղել: Երուսաղեմի Հայոց պատրաիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի փոխանցմամբ.- «Քանի որ դա միասնական արարողություն էր, որոշվել էր հայկական կողմից երեք մասնակից, հույների կողմերի երեք մասնակից, և քանի որ այս արարողության մասն են կազմում նաև սուրբ երկրում Հայոց պատրիարքության և հայ եկեղեցու հետևած ասորի և ղպտի եկեղեցիները, ուրեմն նրանցից ևս մեկական մասնակից կար, երկու ոստիկան, մեկ լուսանկարից և օպերատոր: Չնայած որ հայ եկեղեցականները սակավաթիվ էին, բայց «Ստատուս Քվոյով» նախատեսված ընթացակարգով բոլոր կրոնական արարողություններն ըստ հավուր պատշաճի իրականացվեցին և Հայ Եկեղեցու որևէ իրավունք չի խախտվել:»:

Տեսագրությունը՝ Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքի տեսուչ, միաբան հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի արխիվից

Ուշագրավ է, որ վերջին անգամ Լույսի տոնը միայն փոքրաթիվ հոգևորականներով, առանց հավատացյալների տոնվել էր ավելի քան 600 տարի առաջ, տեղեկացրեց հայր Կորյունը.- «Վերջին դեպքը, որ տեղի է ունեցել, և Սուրբ Հարության տաճարը փակվել է, և այս արարողությունը սահմանափակ թվով մասնակիցներով է կատարվել, տեղի է ունեցել 14-րդ դարում, այսինքն` մոտավորապես ավելի քան 600 տարի առաջ նման դեպք ևս տեղի է ունեցել, բայց վերջին շրջանում նման դեպք տեղի չէր ունեցել»:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված 3 շաբաթ առաջ մզկիթների ու սինագոգների հետ զուգընթաց փակվել էին նաև եկեղեցիներն ու նրանց թվում նաև Սուրբ Հարության տաճարն, ու երեք հարանվանությունների ղեկավարները նամակ էին հղել Իսրայելի ղեկավարությանը՝ Սուրբ Հարության տաճարը վերաբացելու խնդրանքով:

«Երկուշաբթի Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հեռախոսազրույց ունեցավ հոգևոր պետերի հետ, նախ շնորհավորեց Զատկի առթիվ, և այդ հեռախոսազրույցի ընթացքում նաև բանավոր կերպով պատասխանեց հոգևոր պետերի նամակին, որտեղ հստակ ասվեց, որ նկատի ունենալով կորոնավիրուսով պայմանավորված վտանգները` որոշում է կայացվել այս տարի շաբաթ օրը կայացող Լույսի արարողությունը շատ սահմանափակ թվով մասնակիցներով կատարել»,- նշեց հայր Կորյունը:

Երեկ Երուսաղեմի հայ միաբան Արբակ աբեղա Սարուխանյանը դուրս բերեց Սուրբ կրակը Հարության տաճարի բոլորաշեն մատուռի խորշից, ու այնուհետև «Արմատներ» հանձնախմբի ու հայ սկաուտների նախաձեռնությամբ սուրբ կրակը բաժանվել էր հայ հավատացյալներին և հայկական թաղամասի բնակիչներին:

Իսրայելում այսօր կառավարության որոշմամբ որոշակիորեն թուլացել է կարանտինի ռեժիմը: Արդեն թույլատրվել է մի շարք խանութների վերաբացվել, փոքր բիզնեսին հնարավորություն է տրվել մասնակիորեն մինչև 30 տոկոս աշխատակիցներով վերագործարկվել, սակայն որոշ կարանտինային պարտավորություններ խստացվել են, ինչպես օրինակ` առանց դիմակի արգելվում է դուրս գալ, ու եթե առաջին զգուշացումից հետո քաղաքացին երկրորդ անգամ դուրս գա առանց պաշտպանիչ միջոցների, ապա կտուգանվի:

Այս պահի դրությամբ պաշտոնապես գրանցվել է 13 հազար 362 հիվանդ, մահացել է 171 մարդ: Ծայրահեղ ծանր վիճակում են 109, ծանր 156 և միջին ծանրության 140 քաղաքացի: Մարտ ամսին երկիրն ուներ պաշտոնապես 3,6 տոկոս գործազրկության ցուցանիշ, իսկ այսօր աշխատանք չունի բնակչության 26.25 տոկոսը, այսինքն` մոտ մեկ միլիոն 100 հազար մարդ:

Միաժամանակ վարակակիրների թիվը գնալով աճում է՝ թեստավորումների թվի աճին զուգահեռ: Այսօր Իսրայելն իր մոտ 9 մլն բնակչության համար կատարում է մոտ 10 հազար լաբորատոր թեստավորում՝ առաջ անցնելով մի շարք զարգացած արևմտաեվրոպական ու ասիական երկրներից:

Պատրիարքարանի դիվանապետն մեր հետ զրույցում նշեց, որ պատրիարքի` կառավարությունից շուտ կարանտին հայտարարելու փաստի արդյունքում համայնքում կորոնավիրուսով հիվանդ չկա.- «Նույնիսկ կառավարության որոշումից առաջ պատիրարքարանը որոշել էր, որ վանքում պետք է կարանտին հաստատվի, և այդ որոշման շնորհիվ բոլոր ուխտավորների և զբոսաշրջիկների մուտքը Երուսաղեմի սրբոց Հակոբյանց մայրավանք արգելվեց, և կարող եմ ասել, որ այդ որոշման շնորհիվ է, որ այսօր թե՛ վանքում, թե՛ հայ համայնքում ոչ մի վարակակիր չունենք, և այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ ապահով է հայ համայնքը թե՜ տարածումից, թե՜ առհասարակ որևէ վնաս չի կրել»:

Պատրիարքարանի դիվանապետը, սակայն, փաստեց, որ տնտեսական հիմնախնդիրներ են առաջացել խանութների փակման և մարդկանց գործազուրկ դառնալու պատճառով: Ովքեր աշխատել են Հին քաղաքից դուրս, նրանք որպես գործազուրկ նպաստ են ստանում Իսրայելի ազգային ապահովագրական գործակալությունից, մի հատվածի Երուսաղեմի պատրիարքարանն է աշխատանքի վերցրել, իսկ ովքեր սննդամթերքի ձեռք բերման հետ կապված խնդիրներ ունեն, կրկին օգնության ձեռք է մեկնել հոգևոր իշխանությունը:

Հունաց և Լատին պատրիարքարանները հայտարարել էին, որ որոշակի հարկային զիջումներ են կատարելու նաև իրենց տարածքները վարձակալած խանութներին: Ինչ վերաբերում է հայկական դիրքորոշմանը, ապա նա նկատեց.- «Խանութների և վարձավճարների հետ կապված այս պահի դրությամբ կարծեմ` դեռ որոշում չկա, պայմանավորված է, թե որքան ժամանակ այս իրավիճակը կշարունակվի, բայց համապատասխան քայլեր և որոշումներ կարվեն»:

Երուսաղեմի պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը 2014թ.-ից որպես պատրիարքի ներկայացուցիչ համակարգում է Երուսաղեմի միացյալ հանձնախումը, որն իր մեջ է ներառնում Իսրայելի բոլոր հայկական կազմակերպություններին ու միություններին: Առջևում ապրիլի 24 է, ու ինչպե՞ս է համայնքն այս տարի նշելու Եղեռնի 105 ամյակը:

«Պարզ է, որ մեր ավանդական զանգվածային արարողություններն, որ կատարվում են ամսի 23-ին և 24-ին, այս տարի չենք կարող իրականացնել, բայց անշուշտ պետք է ինչ-որ արարողություններ կատարվեն, ծաղկեպսակներ դրվեն հուշարձանի դիմաց` պահելով սոցիալական հեռավորությունն և բոլոր միջոցառումները պահելով, որոնք պետք են խուսափելու համար վարակվելուց»,- ասաց նա:

Իսրայելի հայկական համայնքը մասնակցելու է նաև համահայկական ակցիաներին, որոնց շրջանակներում հայ ընտանիքներն ապրիլի 23-ին և 24-ին իրենց պատուհաններին մոմեր ու ճրագներ են վառելու և տեղադրելու՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here