Իսրայելում այսօրվանից մասնակի թուլացվել է կարանտինի ռեժիմը, բացվել են դպրոցները

0
150
Լուսանկարում՝ դպրոց Իսրայելում, լուսանկարը` երկրի կրթության և գիտության նախարարության
Լուսանկարում՝ դպրոց Իսրայելում, լուսանկարը` երկրի կրթության և գիտության նախարարության

Իսրայելի կառավարության որոշմամբ այսօրվանից մասնակի թուլացվել է կարանտինի ռեժիմը, արդեն բացվել են դպրոցները: Առաջինից երրորդ և 11-րդ ու 12-րդ դասարանների աշակերտները կարող են հաճախել դպրոց, սակայն դա պարտադիր չէ, և այն թողնվել է ծնողների հայեցողությանը:

Կառավարությունը նման որոշում կայացրեց, որպեսզի հնարավորություն տա աշխատողներին ազատ տեղաշարժվել ու հաճախել աշխատանքի: Իրավիճակը երկրում գնալով բարելավվում է: Երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է 16 հազար 193 դեպք, այսօր գրանցվել է միայն 41 նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության դեպք, իսկ հիվանդանոցներից դուրս է գրվել 234 պացիենտ: Այս պահի դրությամբ երկիրն ունի 6 հազար 329 հիվանդ, որոնցից 82-ը՝ ծայրահեղ ծանր: Մինչև օրս մահացել է 230 մարդ: Ահա մոտ 10 օր առաջ երկրում օրական կտրվածքով վարակվածության 400–500 դեպք էր գրանցվում, ու այս օրերին` թե հրեական զատիկին ու թե Հոլոքոստի ու պատերազմների ժամանակ ընկած զինվորների, այնուհետև անկախության տոներին մարդիկ մնացին խիստ կարանտինի ռեժիմի մեջ, ինչն էլ ըստ էության օգնեց կանխել մասսայական վարակի տարածումը:

Չնայած որոշ խանութներ ու նույնիսկ վարսավիրանոցներ են հնարավորություն ստացել աշխատելու, սակայն պարտադիր է դիմակներ կրելը փողոցում և պահպանել սոցիալական հեռավորությունն ամենուր: Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա մինչև օրս վարակակիրներ չկան, և մահացության դեպքեր չեն գրանցվել: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը նույնիսկ կառավարության որոշումից առաջ էր փակել համայնքը, որի պատճառով հայկական թաղամասն ինքնամեկուսացվեց, պատմում է Հայոց Պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Կառավարության որոշումից առաջ սրբազանը որոշել էր, որ վանքում պետք է կարանտին հաստատվի, և այդ որոշման շնորհիվ բոլոր ուխտավորների և զբոսաշրջիկների մուտքը Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանք արգելվեց: Կարող եմ ասել, որ այդ իմաստով որոշման շնորհիվ է, որ այսօր թե՛ վանքում և թե՛ հայ համայնքում ոչ մի վարակակիր չունենք, և այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ ապահով է հայ համայնքը վարակի թե՛ տարածումից և թե՛ առհասարակ որևէ վնաս չի կրել»,- նշեց նա:

Այսօր ի տարբերություն հրեական դպրոցների` փակ էր մնացել Երուսաղեմի սրբոց թարգմանչաց վարժարանն, ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի, տեղեկացրեց հայր Կորյունը:

Երկրի կենտրոնում՝ Պետախ Տիկվա քաղաքում, ստեղծվել էր Օպերատիվ շտաբ, և ծանր այդ օրերին շտաբից կապ էին հաստատում քաղաքի տարեցների և միայնակ թոշակառուների հետ: Նրանց թվում ևս հիվանդ մարդիկ չկային, ու օգնությունը հոգեբանական էր, որպեսզի մարդիկ իրենց լքված ու միայնակ չզգային: Երկրի հարավային մայրաքաղաք Բեեր Շևայում նույնն է իրավիճակը:

Հայֆայի ու հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանն անձամբ այցելություններ է կատարում տարեցներին, որպեսզի տանը փակված միայնակ մարդկանց աջակցի.- «Առանձնակի այցելություններ կատարում եմ ծերերին, ովքեր միայնակ են, և նրանք իրոք մարդկության կամ մեր եկեղեցու կարոտը շատ են քաշում, և ես երբ որ այցելում եմ իրենց, իրենց որպիսությունն եմ հարցնում, և կամ միասին աղոթք ենք անում: Նրանք աղոթում են, որպեսզի շուտ վերջանա այս վիճակը, որպեսզի նորից եկեղեցի գան, և մեր պատարագները, ժամերգությունները մարդաշատ լինեն, և վերադառնանք մեր նորմալ կյանքին:

Անհրաժեշտության դեպքում դիմում է նաև համայնքի պատասխանատուներին.- «Ես եմ կանոնակարգում, եթե պետք է միասնական աշխատանք, անշուշտ դիմում եմ համայնքի անդամներին, և սիրով օգնում են ինձ, սակայն ծերերին հիմնականում ես եմ այցելություն կատարում, և կարելի է ասել, անկեղծ եմ ասում, շատ են ուրախանում, որ այցելում եմ իրենց, որովհետև շատերը զրկվել են իրենց թոռներին տեսնելուց և միայն հեռախոսով են կապնվում իրենց հետ, և ուղղակի այցելում եմ գոնե շաբաթը մեկ անգամ»:

Եկեղեցական արարողությունները դեռևս համացանցով է անցկացնում ու օգտագործելով այդ տարբերակը` հոգևոր սնունդ է փոխանցում համայնքին:

Հայաստանի ու Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ դպրոցների վերաբացմանը, որը հատկապես տարրական դասարանների համար տնտեսական շահեր է հետապնդում` հնարավորություն է ընձեռվում ծնողներին առավոտյան աշխատել, իսկ կրթօջախներին վճարված գումարներն էլ չեն վերադարձվում, չնայած որ նաև առողջապահական համակարգն իր դերը խաղաց:

«Էկոնոմիկայի համար է դա, որպեսզի ծնողներն ազատ լինեն և կարողանան գնալ աշխատանքի, և առաջին հարցի մեջ էլ մտնում էր, որպեսզի վճարված գումարները հետ չպահանջեն: Սա ընդունելով հանդերձ` եկեք նաև ընդունենք, որ այնուամենայնիվ Իսրայելում բժշկությունը որակյալ է և բարձրության վրա է, և կարծում եմ, որ իսկապես սա բժիշկների խորհուրդն է»:

Նուբար Ասլանյանն անդրադարձավ նաև Իսրայելում անցկացրած` Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված միջոցառումների ու հրեական մամուլի և պատգամավորների գրառումներին: Այս տարի բազմաթիվ հայամետ հրապարակումներ եղան իսրայելյան մամուլում կապված Հայոց ցեղասպանության և դրա ճանաչման հետ, իսկ շատ ուշագրավ, նույնիսկ հայերեն գրառում ապրիլի 24-ին իր թվիթերյան Էջում կատարեց ընդիմադիր «Յեշ ատիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդը. «Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ինչպես նախորդ տարիներին մենք օրինագիծ ենք առաջարկել` ի հարգանք Հայոց ցեղասպանության: Դա մեր բարոյական պարտքն է որպես հրեական պետություն»:

Հայկական համայնքն առանձին համակրանքով վերաբերվեց պատգամավորի այս գրառմանն, սակայն Ասլանյանի կարծիքով` նաև Քնեսետի նախկին Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության ղեկավար Տալի Պլոսկովան մեծ ավանդ ունի հայ հրեական հարաբերությունների զարգացման գործում և նաև չպետք է մոռանալ «Մերեց» ձախակողմյան կուսակցությանն, որն տասնյակ տարիներ զբաղվում է հայկական լոբիի աշխատանքներով.- «Ուզում եմ ավելացնել, որ միայն Լապիդը չէ մի քիչ հայ դառնում, կան պատգամավորներ, որոնք վերջին հաշվով երևի թե հասկանում են, որ պետք է հարաբերությունները լավացնել Հայաստանի հետ: Ընդունումը-չընդունումը այս մասին մենք շատ ենք խոսել, այստեղ խանդի հարցը կա ու կա Հոլոքոստի հանդեպ»:

Աղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here