Հակամարտության արդյունքում հայուհին 9 տարի առանց տեղաշարժի փաստաթղթերի բնակվում է Պաղեստինում

0
216
Լուսանկարում՝ Լիանա Եդիգարյանն իր երեխաների հետ
Լուսանկարում՝ Լիանա Եդիգարյանն իր երեխաների հետ

Համավարակի տարածումը, տնտեսական ճգնաժամերն ու առաջացած բազում հիմնախնդիրները մի պահ կարծես թե մոռացության մատնեցին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն ու դրա թողած հետևանքները, սակայն երեկ Թել Ավիվում՝ Իցխակ Ռաբինի անվան հրապարակում, արաբական կուսակցություններն ու իսրայելյան «Մերեց» կուսակցության ղեկավարներն ու անդամները բողոքի ցույց էին կազմակերպել՝ դեմ արտահայտվելով Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի անեքսիային:

Տասնյակ տարիներ տևող այս հակամարտության արդյունքում մինչև օրս մարդիկ են զոհվում` թե սահմանապահ հրեա զինվորներ ու խաղաղ բնակիչներ և թե արաբ քաղաքացիներ, ինչպես օրինակ` մայիսի 30- ին ոստիկանի պահանջները չկատարած մի արաբ երիտասարդի մահացու վիրավորումն էր: Սակայն երկուստեք հակամարտության պայմաններում տուժում են նաև սահմանի երկու կողմերում հայտնված ու կարգավիճակ չունեցող օտար պետությունների քաղաքացիները: Եթե Իսրայելում հայտնված զբոսաշրջիկի դեպքում կեցության իրավունք ստանալու խնդիրը որոշակիորեն կարելի է լուծել՝ տարիներ պայքարելով իրենց իրավունքների համար, ապա պատկերն այլ է Պաղեստինում:

Ընդհանրապես Պաղեստինի ինքնավար մարզն էլ իր հերթին ներքին բազում խնդիրներ ունի, որոնք հատկապես սրվեցին Համաս խմբավորման կողմից Գազայի գոտու և նրա հարակից շրջանների գրավումից հետո, ու եթե Ռամալլայում նստող Պաղեստինի կառավարության նախագահ Մահմուդ Աբբասի կառավարությունը միջազգային ճանաչում ունի, ապա Գազայի գոտում գտնվող Համասի կառավարությունը միջազգային ճանաչում չունի, ահաբեկչական է համարվում և վերջերս եվրոպական խորհրդարանների կողմից սկսել է ճանաչվել որպես ահաբեկչական կառույց:

Ու պարզվում է, որ բացի արաբ բնակչությունից, չափազանց ծանր վիճակում ու առանց որևէ կեցության փաստաթղթերի Պաղեստինում ապրում են նաև տարբեր ազգերի քրիստոնյա կանայք, որոնք, արտասահմանում կամ նախկին խորհրդային հանրապետություններում սովորող արաբ ուսանողների հետ ամուսնանալով, եկել են Պաղեստին ու հայտնվել անելանելի իրավիճակում:

«Ազատության» զրուցակիցը Համասի իշխանության տակ գտնվող Ջենին քաղաքի բնակչուհի, այստեղ բնակվող Հայաստանի Հանրապետության միակ քաղաքացի, 43-ամյա Լիանա Եդիգարյանն է: Նա նախկինում Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում չինարենի ուսուցման առաջին դասախոսն է եղել ու Չինաստանում իր ուսման տարիներին ծանոթացել է ազգությամբ արաբ իր ապագա ամուսնու հետ, ով ևս տարիներ շարունակ սովորել է Չինաստանում որպես բժիշկ: Ամուսնացել են, եկել Հայաստան, երկու երեխաները ծնվել են Երևանում, այնուհետև ընտանիքը որոշել է մեկնել Կանադա, ինչպես հազարավոր հայեր այն տարիներին: Ինչպես ինքն է պատմում, որոշել էին սկզբում գալ Պաղեստին, ստանալ կեցության փաստաթուղթ ու կարգավիճակ և այնուհետև ճանապարհվել դեպի Կանադա:

Զանգահարել Համասի իշխանության տակ գտնվող Ջենին քաղաք, պարզվեց, այդքան էլ դյուրին չէր, բջջային կապն Իսրայելի կողմից փակված է, սակայն սովորական հեռախոսակապը դեռ գործում է: Ջենին քաղաքում թեժացած պաղեստինա-հրեական հակամարտության ժամանակ մենք այցելել էինք 2005 թվականին՝ հրեական տանկերի ու զրահամեքենաների օգնությամբ ու շատ ծանր տպավորություններ ստացանք: Քաղաքի ծայրամասում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարն այն ժամանակ համարվում էր Իսրայելում ահաբեկչական հարձակումներ կատարած զինյալների գլխավոր հավաքատեղին:

Լիանա Եդիգարյանի խոսքով` 9 տարի առաջ է եկել այս քաղաք.- «Հորդանանում դիմեցի տուրիստական կազմակերպություն և ուրիշ խմբի հետ եկա և Իսրայելի սահմանում ստացա 3 ամսվա վիզա, 2011թ. հոկտեմբերի 20-ին եմ եկել, մենք դիմել ենք այստեղի կացության վկայական ստանալու համար նոյեմբերի 20-ին»:

Հակամարտության թեժացման և պաղեստինյան նոր կառավարությունների ի հայտ գալով` Լիանան զրկվել է տեղաշարժվելու իրավունքից և նույնիսկ Բեթղեհեմի Սուրբ ծննդյան տաճար այցելելու հնարավորություն չունի: Իսրայելի ներքին գործերի նախարարության անձնագրային վարչությունն է տալիս նման թույլտվություն, կեցության և ճանապարհորդության անձնագիր, սակայն մինչև այսօր հրեական կողմը լուռ է.- «Ստացվեց, որ ես մնացի այստեղ օդում կախված, իմ փաստաթուղթը դեռ մինչև հիմա չկա: Ամեն տարի զանգահարում ենք, ասում են` խնդիր չկա, պրոցեսի մեջ է այդ ամենը, բայց բոլորս էլ գիտենք, որ դա ներքին քաղաքականության պատճառով է, որ սառեցված է այդ պրոցեսը: Ես միակը չեմ, ինձ նման շատ-շատ մարդ կա Ուկրաինայից, Ռուսաստանից, Էստոնիայից, Բելառուսից, Կոլումբիայից, Բրազիլիայից, Պորտուգալիայից: Շատերին գիտեմ, որ նույն վիճակում են»:

Այս տարիների ընթացքում շատ տեղեր է դիմել.- «Հայաստանի կառավարությանն եմ դիմել, տարբեր տեղեր եմ նամակներ ուղարկել, մեր Արտաքին գործերի նախարարությունում իմ մասին տեղյակ են, տեղյակ է Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիքզոր դեսպանը, նույնիսկ իմ անունից անձամբ պարոն Փաշինյանին են նամակ փոխանցել իմ իրավիճակի մասին»:

9 տարի այս պայմաններում ապրելով` չի տեսել ծնողներին, չի կարող այցելել Հայաստան: Հարցին` գուցե կեցության և տեղաշարժի հարցը լուծելուց հետո կցանկանա՞ր հայրենիք վերադառնալ, նա պատասխանեց.- «Հարցի ցավոտ կողմն է, որի մասին ես միշտ եմ երազել, եթե հնարավորություն ունենայի, ես մի վայրկյան այստեղ չէի մնա, երեխաներս էլ` նույնպես, ուղղակի բարդություններ կան: Ամուսինս այդտեղ տարիներ առաջ հետաքրքրվել էր և աշխատանք չգտավ, և հուսահատված տարիներ էին»:

Խնդիրն ավելի շատ կանանց տարրական իրավունքների պաշտպանությանն է վերաբերում, ազատ տեղաշարժվելու իրավունքին: Լիանան մեզ ծանոթացրեց նաև Բեթղեհեմի մերձակա Զատաառա գյուղի բնակչուհի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սվետլանա Օբիվկինայի հետ, ով սոցիալական ցանցերի միջոցով հավաքել էր նախկին խորհրդային հանրապետություններից քրիստոնյա 80 կանանց, որոնց ամուսինները պաղեստինցիներ են:

«Մենք բոլորս ներկայիս դրությամբ ապրում ենք տրված վիզաների հաշվին, բայց մեր փաստաթղթերը Պաղեստինի միջոցով փոխանցվել են իսրայելյան համապատասխան մարմիններին, ու նույնիսկ մյուս պաղեստինցիների նման ազատ տեղաշարժվելու հնարավորությունից ենք զրկված»,- պարզաբանեց նա: Իսկ վիզաներն էլ չեն երկարացնում այլևս.- «Մենք կեցության կարգավիճակ ստանալու համար օգնություն ենք հայցում: Դիմել ենք Ռուսաստանի դեսպանատուն, նախագահ Պուտինին` ներկայացնելով մեր բոլոր հիմնախնդիրները»:

Այս կանայք Պաղեստինը համարում են իրենց տունն ու պայքարում եմ իրենց տարրական իրավունքների համար: Ապրելով այստեղ 15 տարի` մինչև օրս չունեն որևէ փաստաթուղթ: «Ազատությունը» պարզաբանումների համար դիմել է նաև Իսրայելի մի քանի իրավաբանների՝ կանանց կարգավիճակի մասին պետական մարմիններից տեղեկություններ ստանալու խնդրանքով:

Աղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here