Բողոքի ակցիաներ Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում ազերական ագրեսիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ

0
251

Չնայած որ Իսրայելի կառավարությունն այժմ քննարկում է համատարած կարանտին հայտարարելու հարցը, Պետախ Տիկվա քաղաքի ոստիկանության թույլատրությամբ Պետախ Տիկվայի հայկական կազմակերպությունները մինչև չորս տասնյակ քաղաքացու մասնակցությամբ բողոքի ցույց կազմակերպելու թույլտվություն էին ստացել:

Խաղաղ ցույցը մեկնարկեց  երեկ երեկոյան Պետախ Տիկվայի քաղաքապետարանի դիմաց, հենց քաղաքի կենտրոնում ու բանուկ հատվածում: Երուսաղեմից ու Թել Ավիվից էին նաև հայեր մասնակցում այս բողոքի ակցիային, որը նվիրված էր Ադրբեջանի հակահայ ու ագրեսիվ քաղաքականության և Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի դեմ:

Հայ ցուցարարների պաստառները շատ խոսուն էին՝ «Արցախը Հայաստան է», «Դադարեցնել զենքի վաճառքը ահաբեկիչ Ալիևին և Իսլամական հանրապետությանը», «Հավերժ հիշելու ենք մեր հերոսներին» , «Ադրբեջանն ագրեսոր ու պատերազմական հանցագործ է»: Ցույցին մասնակցած Երուսաղեմահայերի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՄԸՄ-ի նախկին ատենապետ Սերոբ Սահակյանը: Նա մասնավորաբար ասաց, որ աշխարհն պետք է դատապարտի Ադրբեջանի այս ագրեսիվ քաղաքականությունը: Խոսեց հայկական բանակի հաջողությունների մասին, որ այն ապացուցեց, որ հայերից հող խլելն այդքան էլ դյուրին գործ չէ և հարկն եղած դեպքում նաև մեր թնդանոթները Բաքվին կհասնեն: Նա խոսեց նաև եբրայերեն լեզվով ու բացի նույն Ադրբեջանին հասցեին ուղղված քննադատությանը դիմեց նաև Իսրայելի կառավարությանը՝ խնդրանքով մարդասպան երկու երկրի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները խզել ու չմասնակցել նրանց արյունոտ խաղերին:

Ցույցին մասնակցում էր նաև հրեա մտավորական Էմանուէլ ՈՒրանն, ով ևս անդրադարձավ հայ հրեական բարեկամությանն ու դատապարտեց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: Բողոքի այս ակցիային հետևում էին նաև ոստիկաններն, որպեսզի միջադեպեր տեղի չունենան:

Բարեբախտաբար հրեա անցորդները կամ հետաքրքրված դիտում էին, կամ լուսանկարում կամ էլ մեքենաներից ձայնային ազդանշաններով հայտնում էին իրենց աջակցությունը:

Ցույցի ավարտից հետո հայկական համայնքի ներկայացուցիչները մեկնեցին դեպի քաղաքի Համայնքների զբոսայգի, որտեղ տեղադրված է Հայոց Ցեղասպանության  անմեղ զոհերի հուշարձանն ու ծաղիկներ դրեցին և փոքրիկ արարողություն կատարեցին հուշարձանի մոտ:

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here