Իսրայելի հայկական համայնքը 50 հազար դոլարի օգնություն է հատկացրել Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին

0
217
Լուսանկարում՝ Հիվանդանոց Հայաստանում, արխիվ
Լուսանկարում՝ Հիվանդանոց Հայաստանում, արխիվ

Թեժացող պատերազմի ֆոնին շատ հայ օգտատերեր ու տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ հարցեր են ուղղում Իսրայելի հայկական համայնքին, մասնավորապես, թե ինչո՞ւ հայերը զանգվածային ցույցեր չեն կազմակերպում՝ դադարեցնելու այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը:

Հայաստանի արտաքին գերատեսչությունն արդեն հետ է կանչել դեսպանին:

Այս օրերին Իսրայելում Քնեսետում օրեր առաջ անցկացված նոր օրինագծի համաձայն տոտալ լոքդաունի պայմաններում մարդիկ հատուկ թույլտվության առկայության դեպքում կարող են հավաքվել 20 հոգուց բաղկացած խմբերով՝ պահելով իրարից 30 մետր հեռավորություն: Օրական կտրվածքով նոր տիպի կորոնավիրուսով հիվանդ 8000 նոր վարակակիր է ախտորոշվում, և մարդիկ փակված են տանը:

«Այդ տիպի ցույցերն, ինձ թվում է, անիմաստ են, որովհետև, իրոք, շատ դժվար իրավիճակ է, որովհետև ժողովրդին մտցրել են իրենց տան մեջ, տնից չի կարելի հեռանալ 1000 մետր, քաղաքից քաղաք անցնել չի կարելի: Փաստորեն չեն թողնում, որ ինչ-որ ցույց կազմակերպվի», – «Ազատության» հետ զրույցում ասաց Պետախ Տիկվայի Նոյան Տապան հայկական կրթական մշակութային կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը:

Վերջին անգամ ցույց կազմակերպել էին հուլիսի 21-ին, երբ դեռ արգելված չէին ցույցերն ու այնուհետև Թել Ավիվում՝ պաշտպանելով հայկական վանքը:

«Դրա համար մենք որոշեցինք, որ մեր ուժերը կենտրոնացնենք ոչ թե այդ ուղղությամբ, այլ օգնություն կազմակերպելու Արցախին», – նշեց Գալֆայանը:

Իսրայելահայերն այս օրերին, բացարձակ կարանտինի և տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, արդեն 50 հազար դոլարի օգնություն են հատկացրել թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի հիվանդանոցներին: Իսրայելը մոտ 10 հազար հայ հաշվվող համայնք ունի, որոնց անդամները սփռված են ողջ երկրի տարածքով:

«Շատ ակտիվ հավաքվում է գումար համ Հայֆայում, Երուսաղեմի և կենտրոնի՝ Թել Ավիվի հայությունից, ուղարկում են գումար, բացի դրանից այդ գումարով առնում ենք տեղական արտադրության դեղորայք, որ ուղարկենք Արցախ», – ասաց Պետախ Տիկվայի Նոյան Տապան հայկական կրթական մշակութային կենտրոնի ղեկավարը:

Իսրայելի նավթի ավելի քան 33 տոկոսը ստացվում է Բաքվից ու գումարը Թել Ավիվը մասամբ փոխհատուցում է զենքով, դրան հակառակ Հայաստանը տասնյակ միլիարդների հասնող տնտեսական փոխշահավետ համագործակցության հեռանկար չունի Իսրայելի հետ, իսկ տեղի փոքր համայնքը կառավարության որոշումների վրա հակազդելու լծակներ չունի։

Աղբյուրը՝  https://www.azatutyun.am/a/30874390.html

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here