Իսրայելահայերը «սադրանք» են որակում իրենց ցույցին հաջորդած միջադեպերն ադրբեջանցիների հետ

0
167
Լուսանկարում՝ հայ ցուցարարները - Յոավ Լոեֆֆից
Լուսանկարում՝ հայ ցուցարարները - Յոավ Լոեֆֆից

«Մեքենաներով մեզ շրջանցեցին ու փորձում էին մեր մեքենաները կանգնեցնել կամ ավտովթարի վիճակ ստեղծել», – Թել Ավիվի բնակիչ Վահե Հովաննիսյանն է պատմում, թե ինչպես երեկ, իր ներկայացմամբ, ավելի քան 20 ադրբեջանցիներ հարձակում էին գործել իր մեքենայի վրա:

Երեկ առավոտյան ավտոերթ էր կազմակերպվել Հայֆայից մինչև Երուսաղեմ, ավելի քան 500 հայ էր մասնակցում այս բողոքի ակցիային, որն ավարտվեց Իսրայելի Քնեսեթի դիմաց բողոքի ցույցով: Վերադարձի ճանապարհին ժամը 17: 00-ի սահմաններում, երբ մարդիկ արդեն առանց շարասյան էին վերադառնում տուն, ադրբեջանցիները նրանց թիվ մեկ` գլխավոր մայրուղու վրա սպասելիս են եղել:

«Իմ երեխան վախեցավ մեքենայում, ես մեքենան կանգնեցրի, իրենք եկան, որ 2 կողմից ճանապարհը փակեն, ու հենց իրենք մեքենաներից դուրս եկան, ես գազին սեղմեցի, մի հոգու մեքենայից աջից խփեցի ու առաջ գնացի», – նշում է Վահե Հովհաննիսյանը:

Փայտերով զինված ու դրոշակների փայտերով մեքենաներին խփող այս ադրբեջանցիները, նրա տեղեկացմամբ, ֆինանսավորվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից. – «Իրենք միայն 50 հոգի մարդ են, որոնք նստած են ադրբեջանական սպեցսլուժբայի աշխատավարձի վրա, ու որոնք ամեն ինչ ման են գալիս, միայն անեն հայերի դեմ»:

Ապա միջադեպ էր եղել 75-ամյա Պետրոս Օհաննեսյանի հետ, ով իր որդու` Օհան Օհաննեսյանի հետ միասին հարձակման էր ենթարկվել, Օհանին դուրս էին բերել մեքենայից ու սկսել էին հարվածել նրան, ինչպես նաև նրա տարեց հորը, պատմում է նրանց որդին` Ավո Օհաննեսյանը. – «Հանեցին Օհանին մեքենայի մեջից դուրս, և սկսեցին կռվել: Կարծեմ թե մոտ 20 վայրկյանից շտապօգնությունը եկավ, ոստիկանությունը եկավ, եղբայրս գնաց ոստիկանություն և տեսավ նրանց, ովքեր իր վրա հարձակվել էին»:

Րոպեներ անց օգնության են հասել ավտոերթի մասնակից հայերն, ու ծեծկռտուք է տեղի ունեցել, սակայն, ինչպես նշում է Ավո Օհանեսյանը, արդեն մինչ այդ իրենց վրա հարձակվածները հարվածներ էին հասցրել Օհաննեսյանների մեքենային` կոտրելով դիմապակին, իսկ ոստիկանութան ժամանելուն պես փորձել են անմիջապես փախչել: Սակայն նրանցից 9-ը բերման են ենթարկվել ոստիկանություն: Օհան Օհանեսյանը ոստիկանությունում ճանաչէլ է իր վրա հարձակվածներին. – «Հարձակվածները պիտի այնտեղ մնային, բայց բանտարկեցին, թե չէ, չգիտեմ, նրանցից 3-4 հոգին չունեին էզրախուտ»: Էզրախուտ նշանակում է քաղաքացիություն, այսինքն` միջադեպը կազմակերպածների մեջ կան Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք Իսրայելի քաղաքացիներ չեն:

Այս միջադեպի արդյունքում երկու հայ է վիրավորվել` 75-ամյա Պետրոս Օհաննեսյանն ու 26-ամյա Արսեն Շպիլբերգը, որոնց դեպքից անմիջապես հետո տեղափոխել էին Երուսաղեմի Հադասա Էինքերեմ հիվանդանոց, ապա անհրաժեշտ ստուգումներից հետո դուրս գրել. վնասվածքները լուրջ չէին:

«Ազատությունը» պաշտոնական նամակ է ուղարկել Իսրայելի ոստիկանության մամլո գրասենյակ և խնդրել պարզաբանումներ փոխանցել, թե արդյոք ձերբակալվել են ենթադրաբար սադրանքը հրահրած մարդիկ: Հրեական լրատվամիջոցներն, որոնք անմիջապես արձագանքել էին ու լուսաբանել կատարվածը, նշում էին միայն ոստիկանության բաժին տանելու, բայց ոչ ձերբակալելու մասին: Արսեն Շպիլբերգը գիշերն էր վերադարձել տուն հիվանդանոցից, ու այսօր էլ ոստիկանները նրան հրավիրել են Երուսաղեմի բաժանմունք որպես տուժած կողմ՝ իր վրա հարձակված ադրբեջանցիների հետ առերեսվելու համար: Արսենը պատմում է, որ նա առաջինն էր օգնության հասել Օհաննեսյաններին ու փորձել էր նրանց ազատել ադրբեջանցիներից, սակայն ինքն էլ գլխի վրա հարված էր ստացել. – «Փորձեցի իրեն օգնեմ, ինձ հարվածեցին, բայց մոտավորապես մի քանի վայրկյան անց հայերից մեկը մոտեցավ: Երկաթյա ձողեր չեմ նկատել, օգտագործում էին դրաշակներ, բավականին հաստ փայտերով էին»:

Արսենը բնակվում է հայաշատ Պետախ Տիկվայում, նշում է` նախկինում այդ մեքենաները տեսել էր քաղաքում. – «Ես իրականում մի քանի մեքենա տեսել եմ, այսինքն` երեք մեքենաներից մեկը Պետախ Տիկվայում է, այդքան էլ հեռու չէ: Ի՞նչ կարող եմ ասել,իրավիճակը հետևյալն է` նույն իրենց ելույթները և այլն, որ իրենք մի քանի օր առաջ կատարեցին Պետախ Տիկվայում, բացահայտ սադրանք է»: Իսկ երեկվա դեպքը, նրա համոզմամբ, կազմակերպված ակցիա էր, որովհետև, ինչպես նկատել է, ադրբեջանցիների մի խումբ էլ մեքենաներից նկարում էր այդ հարձակումը. – «Բայց ի տարբերություն ադրբեջանական կողմի` հայերից որևէ մեկը այդ սադրանքին չտրվեց, իսկ երեկվա դեպքերը ոչ թե սադրանք էին, դա արդեն զուտ պլանավորված ակցիա էին, որովհետև երբ որ իրենք մոտենում էին, իրենց մեքենաներից նկարում էին, իրենք ոչ թե ինչ-որ ելույթից էին գալիս, իրենք կոնկրետ նպատակուղղված եկել էին մեզ կանգնեցնելու»:

Աղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here