Իսրայելաբնակ հայերը պահանջում են ճանաչել Արցախի անկախությունն ու դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

0
476
Լուսանկարում՝ Հայ ցուցարարներն Իսրայելի արտաքին գործերի նախարարության դիմաց
Լուսանկարում՝ Հայ ցուցարարներն Իսրայելի արտաքին գործերի նախարարության դիմաց

Արտյոմ Չերնամորյանի հաղորդումը հեռախոսով Երուսաղեմում իրականացված բողոքի ցույցի մասին

Այսօր Իսրայելի արտաքին գործերի նախարարության մոտ հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ Իսրայելի կառավարությունը դադարեցնի զենքի վաճառքն ու մատակարարումը Ադրբեջանի բռնակալ ռեժիմին։

Ցուցարարների պահանջներից է նաև Արցախի անկախության ճանաչումը։

Տարածքում շրջում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք ապահովում են ցուցարարների անվտանգությունը։ Լուրեր էին պտտվում, որ ադրբեջանցիները կրկին կփորձեն սադրանք կազմակերպել, և դրանով է պայմանավորված ոստիկանների առատությունը։ Տարածքում կան նաև սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ։

Իսրայելում Հայաստանի դեսպանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենք պարբերաբար պաշտոնապես դիմում են Իսրայելի պատկան մարմիններին, որպեսզի ապահովվի հայ համայնքի անվտանգությունը։ Իրավասու մարմինները վստահեցրել են, որ օրենքի շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։

Անցյալ շաբաթ օրը մոտ երկու տասնյակ ադրբեջանցիներ հարձակվել էին ավտոերթ ու ցույց իրականացրած հայերի մեքենաների վրա։ Ըստ տեղական մամուլի հաղորդած տեղեկությունների, ոստիկանության բաժանմունք էին տարվել 9 քաղաքացիներ, որոնցից 7-ը ձերբակալվել են։ Երուսաղեմի դատարանը ավելի ուշ երկարացրել է նրանց ձերբակալման ժամկետը։

Այսօրվա ցույցին մասնակցել է շուրտ հազար երկու հարյուր մարդ։ Սա հայերի ամենամեծ ցույցն է առնվազն վերջին երկու տասնամյակի ընթացքում։

Կազմակերպիչները ստվարաթղթից պատրաստել էին «Հարոդ» տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ արյան հետքերով, «Պատրաստված է Իսրայելում» գրություններով։ Նաև «Լորա» տիպի հռթիռների պաստառներ կային, որոնց վրա պատկերված էին Արցախի խաղաղ բնակիչները՝ նույն «Արտադրված է Իսրայելում» գրություններով։

Ցուցարարները պարզել էին եբրայերեն ու անգլերեն պաստառներ՝ «Արցախը Հայաստան է», «Ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը», «Իսրայելը երկակի ստանդարտներ ունի» գրություններով, ինչպես նաև Էրդողանին ու Հիտլերին նմանացնող պաստառներ։

Բողոքի ցույցը բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով, ելույթներ ունեցան թե՛ հրեաներ, թե՛ հայկական համայնքի ներկայացուցիչներ։ Բոլորի ուղերձը մեկն էր՝ անհապաղ դադարեցնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը, ճանաչել Արցախի անկախությունը, չսատարել ահաբեկիչ ռեժիմին, Ադրբեջանում տիրող դիկտատուրային։

Բողոքի ցույցին մասնակցում էին տասնյակ հրեա մտավորականներ, նաև շարքային մարդիկ, ովքեր եկել էին իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին։

Բարեբախտաբար սադրանքներ տեղի չունեցան:

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here