Իսրայելահայերը պահանջում են հրեական ԶԼՄ-ներից լուսաբանել ու ներկայացնել Արցախի վերաբերյալ եղելությունը

0
217
Լուսանկարում՝ Հայ ցուցարարներն Իսրայելի արտաքին գործերի նախարարության դիմաց
Լուսանկարում՝ Հայ ցուցարարներն Իսրայելի արտաքին գործերի նախարարության դիմաց

Իսրայելի արտաքին գործերի նախարարության մոտ Իսրայելի հայկական համայնքի` նախորդ շաբաթվա բողոքի ակցիային հրեական հեռուստատեսությունները չանդրադարձան, միայն էլեկտրոնային պարբերականներն, այն էլ օրեր անց: Հրավիրված տասնյակ հեռուստատեսություններից ոչ մի նկարահանող խումբ չկար, բացի մեկ-երկու միջազգային գործակալություններից:

Ամերիկահայերի նման էլ իսրայելահայերը որոշել են ցույցեր կազմակերպել հրեական առաջատար լրատվամիջոցների շենքերի դիմաց` պահանջելով լուսաբանել ու ներկայացնել եղելությունը: Այս երեքշաբթի բողոքի հերթական ցույցն է տեղի ունենալու Կեշետ մեդիախմբի գրասենյակի դիմաց Թել Ավիվում, որի ժամանակ հայերը պահանջելու են հայերին հրավիրել Իսրայելի 12-րդ ալիք, որն, ունենալով նաև ընդդիմադիր հայացքներ, չի անդրադառնում Արցախի ժողովրդի գոյապայքարին: Հաղորդվում է, որ ցույցերից հետո պայքարը չի դադարեցվելու և շարունակական է լինելու մինչև որոշակի արդյունքների գրանցումը:

Պարզվում է, շատ հրեաներ նույնիսկ չգիտեն, թե որտեղ է «Նագորնո Կարաբախն» (Լեռնային Ղարաբաղ), ու ինչու են հայերը ցույցեր կազմակերպում, ինչ են պահանջում: Ադրբեջանամետ հոդվածների ֆոնին` հայկական համայնքը շարունակում է հանգանակություններ ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ու զանազան ծրագրեր իրականացնել: Հրեական մամուլում անդրադարձ չկա նաև Իսրայելից հերթական «հումանիտար» օգնության ինքնաթիռի Բաքու ժամանելու մասին: Ի դեպ, ադրբեջանական «Սիլկ վեյ» ավիաընկերության վերջին ինքնաթիռը վայրէջք էր կատարել Բաքվում հենց ցույցի օրը` հոկտեմբերի 22-ին:

Ցույցին մասնակցում էր նաև սիրիական առաքելական եկեղեցու սպասավոր հայր Բուլուս Խանոն, ով արամերեն լեզվի հայտնի մասնագետ է հին քաղաքում ու եկել էր իր համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին. – «Մենք եկել ենք այստեղ այսօր մեր հայ եղբայրների հետ` համախմբվելով միասին ու ցույց տալու մարդկանց, որ մենք հայերի հետ ենք, ու դուք գիտեք, որ Հայաստանն այսօր պատերազմում է: Չափազանց կարևոր է մեր համերաշխությունը, – «Ազատությանն» ասաց նա, – մենք նաև կանգնած ենք այստեղ, որպեսզի մեկ այլ կարևոր խոսք ասենք բոլոր կառավարություններին, որպեսզի զենք չվաճառեն Ադրբեջանին: Մենք Դամասկոսում ենթարկվեցինք ահաբեկիչների կողմից հարձակումների, սպանեցին մեր հոգևորականներին ու ժողովրդին, բայց մենք ուժ գտանք պայքարելու»:

Ավելի վաղ հրեա մտավորականներն էին դիմել Իսրայելի կառավարությանը նամակով` կոչ անելով դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին: Պատասխան այդպես էլ չի ստացվել:

Եբրայական համալսարանի Հայոց պատմության դասախոս Յոավ Լոեֆը, ով ևս ցուցարարների շարքում էր, նկատում է. – «Ես կարծում եմ, որ որևէ իրական դրական տեղաշարժ դեռ տեղի չի ունեցել, բայց թե հայերի և թե հրեաների, և աշխարհի մի մասը կարող է որևէ ազդեցություն գործել իրականում և դրական փոփոխություններ կատարել ու փրկել Արցախի հայությանը: Այստեղ կարևոր է, որ ես սիրում եմ հայ ժողովրդին, բայց որպես Իսրայելի քաղաքացի կարծում եմ, որ պետք է փրկել նաև Իսրայելի դեմքը: Ես դեմ եմ իմ պետությանը, որն իմ անունից զենք է վաճառում մի պետության, ով այդ նույն զենքը դիտավորյալ օգտագործում է Արցախի խաղաղ բնակչության դեմ: Ես կարծում եմ, որ հայերի սխալը, Իսրայելի փոքրիկ հայկական համայնքի ու փոքր բնակչություն ունեցող Հայաստանի սխալն այն է, որ բավարար չափով չի կատարում բացատրական աշխատանքներ Իսրայելում՝ մարդկանց տեղեկացնելու հետ կապված, ու ես մի քանի հրեա մտավորականների հետ անձնական նախաձեռնությամբ ու կամավորության սկզբունքով աշխատում եմ տեղ հասցնել անհրաժեշտ տեղեկատվությունն ու նույնիսկ համալսարանում դասավանդման ընթացքում առանձին ներկայացնում եմ ուսանողներիս Հայաստանի պատմությունը»:

Նա, խոսելով Իսրայելի հասարակության անունից, ասում է. – «Ալիևի և Էրդողանի կապի մասին, իրադարձությունների մասին ավելի մանրամասն լսելով` իսրայելցիների մի մասի մոտ կասկածներ է առաջացնում, թե ինչ ենք անում այնտեղ, գուցե սխալ ենք անում: Թողնելով մի կողմ Հայաստանն ու վերցնելով Էրդողանի վարած հարձակողական քաղաքականությունն ու մանիպույացիաները Միջերկրական ծովում, Կիպրոսում ու քրիստոնյաների նկատմամբ, մարդիկ սկսում են հասկանալ, որ այստեղ վտանգավոր գործոն կա, և եթե Իսրայելը անմիջական չի աջակցում Թուրքիային, ապա աջակցելով Ադրբեջանին` անուղղակի աջակցում է Էրդողանին», – եզրափակեց իր խոսքը Եբրայական համալսարանի դասախոսը:

Աղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here