Մեղու մրցույթի մասին
«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար` նպատակ ունենալով հետաքրքիր և գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել մեր աշակերտների համար:
«Մեղու» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2014 թ.-ին «Այբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: Հայերենի մրցույթի ստեղծման և իրականացման մտահղացումը «Այբ» կրթական հիմնադրամում առաջացավ նրա որդեգրած արժեքների և նպատակների շարունակականությունն ապահովելու և Հայաստանում կրթության նոր մշակույթ ձևավորելու համար։
«Այբ» կրթական հիմնադրամը 2019 թ.-ից սկսել է «Մեղու» հայերենի մրցույթի միջազգայնացման գործընթացը. նոյեմբերի 23-ին Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում առաջին անգամ անցկացվեց «Մեղու» հայերենի մրցույթը։ «Այբ» կրթական հիմնադրամն այս մրցույթով նպատակ ունի մեծացնելու հայոց լեզվի նկատմամբ սփյուռքահայ երեխաների հետաքրքրությունն ու սերը, նպաստելու սփյուռքում հայապահպանությանը, ազգային արժեքների և մայրենի լեզվի պահպանմանը։