Պետախ Տիկվայի հայկական դպրոցի աշակերտների ամանորյա հանդեսը

0
115
Պետախ Տիկվայի հայկական դպրոցի աշակերտներն իրենց ծնողների և ուսուցչուհու՝ Անի Հարությունյանի հետ
Պետախ Տիկվայի հայկական դպրոցի աշակերտներն իրենց ծնողների և ուսուցչուհու՝ Անի Հարությունյանի հետ

Հունվարի 3 – ին Պետախ Տիկվայի Բեյտ Օլեյի դահլիճում տեղի ունեցավ հայկական դպրոցի ամանորյա հանդեսն, որի ժամանակ հայ աշակերտները արտասանեցին ու այնուհետև հյուրընկալեցին ձմեռ պապին, ով նվերներ բաժանեց բոլոր երեխաներին: Ամանորյա հյուրասիրություն էր կազմակերպվել, հայկական երգ-երաժշտությամբ ու պարերով էլ եզրափակվեց այս ուրախալի միջոցառումը:
Պետախ Տիկվա քաղաքի քաղաքապետարանի Բեյտ Օլեյում հայկական դպրոցն ունի նախակրթական դասարան 15 աշակերտով և մեկ դասարան 4 աշակերտից բաղկացած, ովքեր արդեն տառաճանաչ են և ավելի են խորացնելու գիտելիքները Հայոց լեզվի, պատմության և գրականության ոլորտում: Նախորդ տարիներին Հայաստանի Սփյուռքի նախարարության աջակցությամբ դպրոցը միշտ ստացել է հայկական այբբենարաններ ու դասավանդման մեթոդաբանական ձեռնարկներ: Սփյուռքի նախարարության լուծարումից հետո դպրոցը համագործակցում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Նախարարության լուծարումը չխանգարեց շարունակել համագործակցությունը հայկական իշխանությունների հետ ու նախարարության կրթության վարչությունը տրամադրել է պահանջված գրականությունն, որի մեծ մասն արդեն՝ չնայած հետպատերազմյան ու կորոնավիրուսի համավարակի ծանր պայմաններին, արդեն ներկրվել է Իսրայել:

Հայկական դպրոցը հիմնադրվել է Պետախ Տիկվայում 2004թ.-ին ու 25 աշակերտ ունեցող դասարաններում դասավանդվում էր ոչ միայն Հայոց Լեզու, այլև երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանի շնորհիվ նաև հայկական երգ և երաժշտություն, ինչպես նաև գործում էր հայկական պարի խմբակը: Այս տարիների ընթացքում սերընդափոխություն տեղի ունեցավ ու աշակերտների թվի պակասի պատճառով որոշակիորեն տուժեց նաև դպրոցը:

Ընդհանրապես դասարաններում սովորել են ոչ միայն տեղի համայնքի աշակերտներն, այլև տարբեր քաղաքներից երեխաներ:

Դպրոցի տնօրինություն ծնողների հանգանակությունների հաշվին ձեռք է բերել նաև գերժամանակակից պրոյեկտոր, համակարցիչ և համերգներ կազմակերպելու համար սարքավորումներ՝ դասապրոցեսն ավելի հագեցած ու հետաքրքիր դարձնելու համար: Մեթոդաբանական ձեռնարկներով տարվող ուսուցումն իրոք շատ գնահատելի է, քանզի կա հստակ ժամանակացույց և ծրագիր՝ ուսուցումը պատշաճ կազմակերպելու համար:

Ավելի քան 8 տարի Պետախ Տիկվայում միասին աշխատող «Նաիրի» և  «Նոյան Տապան» միությունների համատեղ ջանքերով ավելի արդյունավետ է դարձել դպրոցի աշխատանքն ու յուրաքանչյուր տարի մեկ կամ երկու անգամ դպրոցականները մեկնում են  Երուսաղեմ կամ մեկօրյա ճամբարներ են կազմակերպվում նրանց համար: Կազմակերպությունները քննարկում են սեփական սկաուտական կազմակերպությունը ստեղծելու ծրագիրը:

Թերթի խմբագրությունը շնորհավորում է դպրոցին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ու աշխատանքային և ուսումնական հաջողություններ  մաղթում հայ աշակերտներին:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here