Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտադիմումների ընդունումը

0
72

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (17 ապրիլ, 2023) – ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2023-2024 թթ. ծրագրի հայտադիմումների ընդունումը մեկնարկել է:
Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների փոխանցման, փորձի փոխանակման, գործնական նոր կապերի ձեռքբերման ճանապարհով, նպաստել Սփյուռքի տարբեր համայնքների, Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:
Ծրագիրը մեկամյա է և ընդգրկում է 2023 թ. սեպտեմբեր-2024 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը: Հայաստանում կանցկացվի երկշաբաթյա դասընթաց` 2023 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 7-ը, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում:
Հայաստանյան դասընթացն ունի տեսական և գործնական բնույթ։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, տեխնոլոգիական հաստատություններ և հիշատակի վայրեր:
Համայնքներում մասնակիցները կիրականացնեն տեղեկատվական և համայնքային հանդիպումներ, միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, աշխատանք մեդիայի հետ:

Ծրագրին կարող են դիմել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում, տիրապետում են հայերենին (հասկանում են և կարողանում են հաղորդակցվել), Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ են կամ անդամներ, համայնքային, հոգևոր կառույցների ներկայացուցիչներ, համայնքի կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող անձինք, ունեն համայնքային ծրագրերի/միջոցառումների կազմակերպման փորձ, դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները պատրաստ են ներդնել համայնքում իրենց գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու գործում և նպաստել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, ունեն սոցիալական հարթակների կամ լրատվամիջոցների հետ աշխատանքի փորձառություն (ցանկալի է)։
Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան դառնալու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործընկերները համայնքներում և իրենց ներգրավմամբ կընդլայնեն Սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցը:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ապահովում է նրանց կեցությունն ու սնունդը Հայաստանում, մուտքը թանգարաններ, մշակութային և հասարակական վայրեր/հաստատություններ, ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում՝ տեղափոխման ծախսերը:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 1-ին է: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ անցնելով հետևյալ հղումով՝

https://forms.gle/9mxTe4xruYMDT7z26
Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել diaspora.youthambassador@gov.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել (+374) 10 515525 և (+374) 41879453 (WhatsApp, Viber, Telegram) հեռախոսահամարներին:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ:

Մամուլի Հաղորդագրութիւն
Կոնտակտային անձ՝ Ամալյա Կարապետյան
Ել. հասցե՝ press.diaspora@gov.am
Կայք՝ http://diaspora.gov.am/hy

Մեկնարկած է «Սփիւռքի երիտասարդ դեսպան» ծրագիրի յայտադիմումներու ընդունումը
ԵՐԵՒԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (17 ապրիլ, 2023) – ՀՀ սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատարի գրասենեակի «Սփիւռքի երիտասարդ դեսպան» 2023-2024 թթ. ծրագիրի յայտադիմումներու ընդունումը մեկնարկած է:
Ծրագիրը նպատակ ունի հնարաւորութիւն ընձեռել սփիւռքահայ երիտասարդներուն ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, հասարակական, տնտեսական եւ այլ խնդիրներու մասին, աջակցելու համայնքային կեանքէն ներս անոնց առաւել ներգրաւման ու գործունէութեան արդիւնաւէտութեան բարձացման` նոր գիտելիքներու, հմտութիւններու փոխանցման, փորձի փոխանակման, գործնական նոր կապերու ձեռքբերման ճանապարհով, նպաստելու Սփիւռքի տարբեր համայնքներու, Հայաստանի եւ Արցախի երիտասարդներուն միջեւ համագործակցութեան ձեւաւորման ու զարգացման:
Ծրագիրը մէկամեայ է եւ կ՛ընդգրկէ 2023 թ. սեպտեմբերէն մինչեւ 2024 թ. օգոստոս ինկած ժամանակահատուածը: Հայաստանի մէջ կ’իրականացուի երկշաբաթեայ դասընթացք` 2023 թուականի սեպտեմբեր 24-էն հոկտեմբեր 7, մնացեալ ժամանակահատուածը իւրաքանչիւր մասնակից ծրագիրով նախատեսուած աշխատանքներ կ’իրականացնէ իր համայնքին մէջ:
Հայաստանեան դասընթացքն ունի տեսական եւ գործնական բնոյթ: Կը ներառէ դասախօսութիւններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, ինչպէս նաեւ այցելութիւններ պետական, գիտակրթական, մշակութային, արհեստագիտական հաստատութիւններ եւ յիշատակի վայրեր:
Համայնքներուն մէջ մասնակիցները կ’իրականացնեն տեղեկատուական եւ համայնքային հանդիպումներ, միջհամայնքային աշխատանքներու փորձի փոխանակման ձեռնարկներ, աշխատանք մետիայի հետ:
Ծրագիրին կրնան դիմել 22-35 տարեկան սփիւռքահայ այն երիտասարդները, որոնք առնուազն 5 տարի կը բնակին Սփիւռքի մէջ, կը տիրապետեն հայերէնին (կը հասկնան եւ կրնան հաղորդակցուիլ), Սփիւռքի երիտասարդական կազմակերպութիւններու ղեկավարներ են կամ անդամներ, համայնքային, հոգեւոր կառոյցներու ներկայացուցիչներ, համայնքի կեանքին մէջ աշխոյժ ներգրաւուածութիւն ունեցող անձիք, ունին համայնքային ծրագիրներու/ձեռնարկներու կազմակերպման փորձ, դասընթացքի ընթացքին ձեռք բերուած գիտելիքները պատրաստ են ներդնելու համայնքէն ներս իրենց գործունէութիւնը աւելի արդիւնաւէտ դարձնելու գործին մէջ եւ նպաստելու Հայաստան-սփիւռք յարաբերութիւններու ամրապնդման, ունին ընկերային հարթակներու կամ լրատուամիջոցներու հետ աշխատանքի փորձառութիւն (ցանկալի է):
Ընտրուած մասնակիցները հնարաւորութիւն կ’ունենան դառնալու Սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատարի գրասենեակի գործընկերները համայնքներուն մէջ եւ իրենց ներգրաւմամբ կ’ընդլայնեն Սփիւռքի երիտասարդ դեսպաններու ցանցը:
ՀՀ սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատարի գրասենեակը կ՛ապահովէ անոնց կեցութիւնն ու սնունդը Հայաստանի մէջ, մուտքը թանգարաններ, մշակութային եւ հասարակական վայրեր/հաստատութիւններ, ծրագիրի հայաստանեան հատուածի ծիրէն ներս` տեղափոխման ծախսերը:
Յայտադիմումներու ընդունման վերջնաժամկէտը 2023 թուականի յունիսի 1-ն է: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել յայտը` անցնելով հետեւեալ յղումով`

https://forms.gle/9mxTe4xruYMDT7z26

Հարցեր ունենալու պարագային կրնաք կապ հաստատել diaspora.youthambassador@gov.am ելեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել (+374) 10 515525 եւ (+374) 41879453 (WhatsApp, Viber, Telegram) հեռախօսահամարներուն:
Ծրագիրը կ՛իրականացուի ՀՀ կառավարութեան հովանաւորութեամբ եւ «Ճինիշեան» յիշատակի հիմնադրամի աջակցութեամբ:

Press release 17.04.2023

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Մեդիայի և հաղորդակցության բաժինՀայաստանի Հանրապետություն,

ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2

հեռ.՝ (374) 10 515 534

Office of the High Commissioner for Diaspora Affairs

Republic of Armenia, Department of Media and Communications

Republic Square, Government House 2,

0010 Yerevan, Republic of Armenia

tel. (374) 10 515 534

http://diaspora.gov.am/

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here