Օգոստոսի 19 – ին պաշտոնապես փակվեցին Համահայկական ամառային 8 – րդ խաղերը – ամփոփում

0
98

Համահայկական ամառային 8-րդ խաղերը ռեկորդային էին մասնակիցների քանակի առումով, որի փակման հանդիսավոր արարողությանը տեղի ունեցավ օգոստոսի 19-ին Գառնիի տաճարում:

Նախ 8 նոր պետություն իր քաղաքներով, ապա ՝ 7161 պատվիրակների թվով։ Ըստ խաղերի վիճակագրության` սրանք համահայկական խաղերի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշներն են, ինչի մասին հայտարարել էր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը խաղերի փակման պաշտոնական արարողության ժամանակ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 19-ին ևս ներկա էր գտնվել  միջոցառմանը: Ներկա էին եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, կառավարական կազմկոմիտեի անդամներ, ՀԽՀԿ ներկայացուցիչներ, մարզիկներ, պատվիրակությունների անդամներ։

«Ավարտվեցին համահայկական ամառային 8-րդ խաղերը։ 15 օր շարունակ Երևանում, Գյումրիում, Աշտարակում, Արթիկում, Ամասիայում, Արտաշատում, Սևանում, Ծաղկաձորում, Չարենցավանում և Աբովյանում համառ, անզիջում պայքար էր, որի արդյունքում խաղերին մասնակցեցին աշխարհի 42 պետությունների 181 քաղաքների հազարավոր մարզիկներ և մարզուհիներ», – հայտարարել էր Զաքարյանը։

ՀԽՀԿ նախագահի խոսքով, Համահայկական խաղերը ավարտվել են միայն տեխնիկապես, բայց իրենց խորքային ազդեցությամբ և գործնական հետևանքներով դեռևս շատ երկար տարիներ տալու են իրենց արդյունքները։

«Հիմա շատ կարևոր է մասնագիտական ամփոփումը, ինչը կդառնա լավ հիմք հետագա աշխատանքների համար։ Մենք ունեցել ենք մասնակից նոր քաղաքներ, ունեցել ենք շատ լավ, ուժեղ կազմակերպված պատվիրակություններ, որոնց հետ հետագա աշխատանքները ենթադրում են խորքային, գրագետ և համակարգված մոտեցումներ։ Մենք դա անպայման անելու ենք»,- ասել էր Զաքարյանը։ Նա հավելել էր, որ 8-րդ խաղերի կազմակերպման ընթացքում եղել են նաև որոշ կազմակերպչական թերություններ, բացթողումներ սակայն դրանք շտկվել են ամեն օր ու շարունակում են շտկվել։

«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Համահայկական 8-րդ խաղերին մասնակցել են 41 երկրների 181 քաղաքների 7161 մարզիկներ։ Մարզիկները մրցանակային տեղերի համար պայքարել են 19 մարզաձևում։ Խաղարկվել էր մեդալների 107 հավաքածու։ Մրցումները սպասարկել էին շուրջ 500 մրցավարներ։

Ընդհանուր առմամբ մեդալներ են նվաճել  15 պետությունների 48 քաղաքներ։ Ամենաշատ մեդալները բաժին են  հասել Երևանի պատվիրակներին։ Համահայկական խաղերի ընթացքում սահմանվել են մի քանի մրցանակներ: Այսպիսով՝ Համահայկական խաղերի գեղեցկուհի մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի Աննա Ասլանյանը:

Լավագույն պատվիրակություն էր ճանաչվել Ավստրալիայի  Սիդնեյ  քաղաքի պատվիրակությունը, Արդարացի խաղ անվանակարգում  հաղթող է ճանաչվել Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի պատվիրակությունը, Համահայկական խաղերի հայտնություն անվանակարգում հաղթել է Ղազախստանի թիմը, Մարզական ոգի և արիություն  անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփանակերտի  թիմը։ Լավագույն քաղաք անվանակարգում հաղթել է  Լոնդոնի թիմը, նույն անվանակարգի  մյուս հաղթողը Արթիկն է։

Համահայկական խաղերին աջակցել են շուրջ 2000 կամավորներ: Փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ չորս կամավորների օգնությամբ իջեցվել էր Համահայկականի դրոշը, մարվել համահայկական ամառային 8-րդ խաղերի ջահը։


Խմբագրության կողմից՝

Իսրայելից այս Համահայկական 8-րդ խաղերին ցավոք սրտի մասնակցեցին միայն 3 պատվիրակ` Թել Ավիվ ֊ Տիգրան և Դավիթ Շահինյաններ (լող), Երուսաղեմ ֊ Ավի Թորոսյան (աթլետիկա):

Մի շարք պատճառներ կային շատ փոքր թվով մասնակցության: Մյուս խաղերին արդեն այդ թիվը վստահաբար մեծ է լինելու:

Աղբյուրը՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե

ՀՀ կառավարությանտեղեկատվության և հասարակայնության հետ վարչություն

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here