Հաղորդումը լսել այստեղ՝
Նախորդ տարի հոկտեմբերին սկսված իսրայելապաղեստինյան պատերազմը բազմաթիվ դժվարություններ առաջացրեց հայկական համայնքի կյանքի համար։
Չնայած Իսրայել պետության աջակցությանը, շատ իսրայելահայեր հայկական ինքնաթիռով, որ տրամադրել էր ՀՀ կառավարությունը եկան Հայաստան, սակայն որոշ ժամանակ անց վերադարձան իրենց բնակության վայրեր։
Ո՞րն էր վերադարձի պատճառը։ Իսրայելահայերի վիճակի ու ՀՀ հետ համագործակցության արդյունավետության մասին «Իսրայելահայեր» թերթի խմբագիր, Պետախ Տիկվայի «Նաիրի» միության հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը նշում է․ «Քանի որ պատերազմը սկսվեց հոկտեմբերին, անմիջապես Արցախի հայաթափումից հետո, մենք մեր հայրենիքի համար բեռ չէինք ուզում դառնալ։ Մեր միակ խնդիրը ծերերին, երեխաներին ու հիվանդներին Հայաստան տեղափոխելու հարցն էր», – ասում է։
«Ամբողջ երկրի սահամաններում, հատկապես հարավային ու հյուսիսային շրջաններում բնակչությունը տարհանվել է՝ հրթիռակոծությունների պատճառով», — ասում է Արտյոմ Չերնամորյանը։ Սրանով պայմանավորված՝ երկրի կենտրոնում թանկացել են բնակարանների գները։
«Հարավային շրջաններում հայկական կենտրոններ շատ չկան։ Այդ շրջաններում դեռ հայեր կան, մենք կապը պահպանում ենք նրանց հետ», – նշում է Չերնամորյանը։
«Ինչ վերաբերում է Հայաստան տեղափոխվելուն, ապա առաջին ինքնաթիռով բազմաթիվ իսրայելահայեր եկան Հայաստան։ Նրանց լավ դիմավորեցին ու կազմակերպեցին հանդիպումը պետական կառույցների ղեկավարների հետ։ Հետագայում կարիք եղավ ևս մեկ ինքնաթիռի, քանի որ ցուցակագրել էինք մարդկանց, որոնք ցանկություն էին հայտնել տեղափոխվել Հայաստան։ Սակայն ՀՀ կառավարությունից արձագանք չունենալու պատճառով այդ թռիչքը չկայացավ։ Եվ նրանք, ովքեր ունեին հնարավորություն, եկան Հայաստան, որոշներն էլ շարունակեցին կյանքը հրթիռների տակ», – ավելացնում է։
Արտյոմ Չերնամորյանը նշում է, որ բոլոր այն իսրայելահայերը, որոնք եկել էին Հայաստան, վերադարձել են Իսրայել։ «Դա կապված է մի շարք խնդիրների հետ, որոնց լուծումը Հայաստանում ավելի դժվար է, քան՝ Իսրայելում»։
Աղբյուրը՝ ՀՀ Հանրային ռադիո