Ավանդաբար արդեն Հայաստանից Իսրայել մշտական բնակության տեղափոխված նախկին հայաստանցիները Ամանորն ու Սուրբ Ծնունդը նախ նշում են նոր տոմարով ինչպես հայրենիքում, իսկ այնուհետև էլ երկրի հայկական համայնքի հետ միասին արդեն հին տոմարով են տոնում:
Հին Երուսաղեմում էլ ավանդաբար հունվարի 13-ին արդեն տոնական է ու տարեմուտն առանձնակի ցնծությամբ է տոնվում: Ցավոք սրտի Իսրայելն աշխարհում այն եզակի պետություններից է, որ անկախ տարին փոխվելուց այստեղ հունվարի սկիզբն աշխատանքային է ու չի առանձնանում: Միայն որոշ քաղաքներում տեղադրված եղևնիներն են, որ հիշեցնում են մարդկանց տոների մասին:
Այս տարի պատերազմի պատճառով Յաֆոյում ավանդական եղևնին չտեղադրվեց ու քաղաքը տոնական տեսք չուներ: Ողջ քաղաքը դատարկ էր ու զբոսաշրջիկներ ընդհանրապես չկային:
Ինչ վերաբերում է Սուրբ Ծննդյան տոներին, ապա փաստացի մեզանում կրկնակի է տոնվում և հունվարի 6 – ին և 18 – ին: Դե տրամաբանորեն մարդիկ Սուրբ Ծննդյան պատգամն են միմյանց փոխանցում ու երեկոյան տոնական սեղանների շուրջ հավաքվում:
Հունվարի 18 – ին հարյուրամյակներ շարունակ հայկական համայնքը մեծ շուքով է տոնում Սուրբ Ծնունդը Բեթղեհեմում: Այս տարի պատերազմի պատճառով երկրի կենտրոնի ու հարավային շրջաններից հայերն ավտոբուսով չմեկնեցին Բեթղեհեմ:
Հունվարի 18 – ին առավոտյան Լուսարարապետ՝ Գերաշնորհ Տ. Սևան Արքեպիսկոպոս Ղարիբյանի գլխավորությամբ Սրբոց Հակոբյանց միաբանությունն ուղևորվեց դեպի Տիրոջ ծննդավայր: Ճանապարհին հունաց Ս. Եղիա վանքին առջև Լուսարարապետ Սրբազան Հորը դիմավորելու էին եկել քաղաքի ոստիկանապետն ու կառավարության ներկայացուցիչներն ու իսրայելյան հատուկ ոստիկանական ստորաբաժանումը ձիերով: Բեթղեհեմի հրապարակում մեր միաբանությանը դիմավորեցին Բեթղեհեմի ընդհանուր ոստիկանապետը, քաղաքապետն և այլ պաշտոնական անձինք ու տաճարի զանգերի ղողանջի ներքո թափորը բարձրացավ Ծննդյան տաճարի Հայկական վանքը, ուր ողջոյնի խոսքով հանդես եկավ Բեթղեհեմի քաղաքապետ՝ պարոն Անտոն Սալման, ապա Լուսարարապետ Սրբազան Հայրը շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին:
Այս տարի ժամը 14:00-ին միաբանությունը հրաշափառ մուտք գործեց Ծննդյան Տաճար, որին հաջորդեցին երեկոյան Ժամերգութունն և Ճրագալուցի պատարագը:
Փոքր ընդմիջումից հետո սկսվեցին եկեղեցական հիմնական արարողություններն, որոնք դադարներով տևեցին մինչև հաջորդ օրն առավոտյան:
Տեղեկատվությունը վերցված է պատրիարքարանի դիվանապետ հայր Աղան Գոգչյանի ֆեյսբուքյան էջից:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս