Ավարտվեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովը

0
48

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի երրորդ աշխատանքային օրվա բացումը կատարեց Լեհաստանի սփյուռքի հետ աշխատանքի դեպարտամենտի ղեկավար Աննա Սոչանսկան: Ողջունելով հյուրերին՝ նա անդրադարձ կատարեց լեհական սփյուռքի առանձնահատկություններին, համայնքներին և պետության կողմից իրականացվող ծրագրերին:
Գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին «Սփյուռքում հայկական ինքնության պահպանման հրամայականը» պանելային նիստով: Որպես բանախոսներ հանդես եկան Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, Նյու Ջերսիի Հովնանիան դպրոցի տնօրեն Ստեֆանի Թորոսյանը, «Centre for East European and International Studies (ZOiS), Berlin»-ի հետազոտող Հակոբ Մաթևոսյանը, Քրդական սփյուռքի հետ կապերի գլխավոր պատասխանատու Շաֆա Բարզանին, Կիպրական սփյուռքի գործակալության ղեկավար Թեադորա Կոնստանտինիդուն: Նիստը վարեց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի անգլերենի դասախոս, «Grace+ful learning!»-ի հանրային խոսքի և թարգմանության դասընթացավար Նաիրի Գրեյս Բարդակջյանը:
«Սփյուռքի հայ համայնքների զարգացման հնարավորությունները» քննարկմանը մասնակցեցին Չիկագոյում Հայաստaնի Հանրապետության պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, Ֆրանս-հայկական խորհրդի ղեկավար Վաներ Հարությունյանը, «UCL TV Channel»-ի արգենտինահայ լրագրող և հաղորդավար Լեո Մոմջյանը, Իրկուտսկի հայկական մշակութային միության նախագահ Հայկ Գնդլյանը և «Little Armenias»-ի հիմնադիր Ռուբեն Գուլաքսզեանը: Նիստի մոդերատորն էր «Polity360 Consulting»-ի հիմնադիր և գլխավոր խորհրդատու Արմեն Սահակյանը:
«Երիտասարդության դերը համայնքներում» քննարկմանը զրուցեցին Բրիտանահայ իրավաբանների ասոցիացիայի անդամ Անդրե Եղիազարյանը, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի հայ համայնքային միության նախագահ Աբրահամ Գուլաճեանը, ՀԲԸՄ Սոֆիայի վարչության անդամ և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարի Գազազյանը, Անապայի Հայկական ազգային մշակույթի կենտրոնի փոխնախագահ Սվետլանա Մինասարյանը, Գերմանիայի «ՄՈՆԹԵ» հայկական կրթօջախի հիմնադիր և ղեկավար Արգինե Բադալյանը և քաղաքական գիտությունների դասախոս, Սփյուռքի երիտասարդ դեսպան Գոհար Գալուստյանը:
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում հավաք-հանդիպում ունենցան Սփյուռքի գործերի 17 հանձնակատարները: Նիստը վարեց Լեհաստանում սփյուռքի գործերի հանձնակատար Դիանա Հովակիմյանը:
Նիստի սկզբում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարների ինստիտուտի նպատակները և ակնկալիքները: Այնուհետ տեղի ունեցավ առաջիկա անելիքների քննարկում և փորձի փոխանակում:
Գագաթնաժողովի վերջին՝ «Հայրենադարձության և ինտեգրման ուղղությամբ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հեռանկարները և հնարավորությունները» պանելային նիստին մասնակցեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը, Միչիգանի համալսարանի հետազոտող Վահե Սահակյանը, Երևանի պետական համալսարանի «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Արման Եղիազարյանը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ռազմավարական ծրագրերի ղեկավար Լուսինե Օհանյանը և Հայրենադարձ գործարար Հրայր Թորոսյան: Նիստը վարեց «M.A.M» կրթական նախաձեռնության հիմնադիր տնօրեն Մարինա Ղազարյանը:
Գագաթնաժողովի աշխատանքներն ամփոփող ամփոփիչ նիստից հետո մասնակիցները շրջայց կատարեցին «Հայաստանն այլ հայացքով» խորագրով էքսպոյում: 40 սփյուռքյան կազմակերպություններ և 80 հայաստանյան արտադրողներ ներկայացրին իրենց ռեսուրսները, հնարավորությունները և արտադրանքները:
Գագաթնաժողովի գլխավոր գործընկերն էր Էվոկաբանկը:
Ինֆորմացիոն գործընկերն էր «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here