Գյումրիում ազատ տնտեսական գոտի կստեղծվի

0
315
ՀՀ կառավարության շենքը
ՀՀ կառավարության շենքը

Օգոստոսի 29 – ին Հայաստանի հանրապետության կառավարությունը քննարկեց և ընդունեց  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Զեկույցով հանդես էր եկել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Կառավարության նիստի ժամանակ որոշ մտահոգություններ էին հնչել հատկացված հողերի քանակի առնչությամբ, որպեսզի չկրկնվեր Մեղրի ազատ տնտեսական գոտու նախադեպը:

Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ միաձայն ընդունեց որոշումը: Այժմ թե որո՞նք են լինելու հետագա քայլերը, ո՞ր փուլում են գտնվում ծրագրերը, –  հարցերով դիմեցինք Իսրայել – Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատի տնօրեն Սուրեն Շահնազարյանին, ով վերջերս էր վերադարձել Հայաստանից ու շատ գոհ էր ոչ միայն կառավարության աջակցությունից , այլև Շիրակի մարզպետից ու քաղաքապետից՝ օգնության և բոլոր խնդիրները միասին լուծելու պատրաստակամության համար: Առաջին կարևոր քայլն արդեն արված է, այսինք ստեղծվել է Գյումրիում մի կազմակերպություն, որը զբաղվելու է միջազգային բերնափոխադրումներով ու միջազգային կազմակերպություններին է օգնելու բեռնափոխադրումների, ապրանքների պահեստավորման և փաթեթավորման  հիմնահարցերը լուծելու նպատակով: Այն պատրաստվում է մարքետինգ կատարել ու սերտորեն աշխատել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Կոնկրետ թե միջազգային ինչպիսի կազմակերպություններ են ցանկություն հայտնել Գյումրիում աշխատել դեռ պալատի տնօրենը չի շտապում բացահայտել, բայց փաստում է, որ շատերն են ուզում մասնակցել ծրագրին ու իրենց պահեստները կամ ներկայացուցչությունն ունենալ  Գյումրիում: Կան դեռ հարցեր, որոնք այս փուլում կրկին կառավարության հետ քննարկելու խիստ անհրաժեշտություն է զգացվում:

– Կան շահագրգիռ կազմակերպություններ, որոնք մեկ տարի առաջ էլ էին հետաքրքրված ծրագրով, ինչպես նաև Իսրայել – Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատը, բայց բոլորը սպասում էին կառավարության որոշմանը, – տեղեկացրեց պարոն Շահնազարյանը:

Անշուշտ ազատ տնտեսական գոտի ունենալը դրական փաստ է միջազգային ներդրողների համար, սակայն ոչ պակաս կարևոր է տեղում բիզնեսի համար պայմաններ ստեղծելը: Թեման շարունակելով զրուցակիցս մատնանշեց Գյումրիի օդանավակայանում մաքսատան մասնաճյուղ ունենալու անհրաժեշտությունը:

– Մինչև մեկ տեսակի ապրանքը հասնում է Գյումրի, ուրեմն ճանապարհին մաքսազերծում է անցնում կամ Վրաստանի սահմանին կամ էլ եթե ապրանքն օդանավով գալիս է Գյումրի, ապա ստիպված ուղարկվում է Երևան ու մաքսազերծումից հետո նոր հետ վերադարձվում Գյումրի: Սրանք ոչ ցանկալի տեխնիկական բարդություններ են, որոնք առաջանալու են մեր ներդրողների համար: Մեր ցանկությունը Գյումրիի օդանավակայանում մաքսատան բաժանմունք ունենալն է, – կարծիք հայտնեց պալատի տնօրենը:

Ասել կուզի, որ ինքնաթիռն ապրանքները բերում է Գյումրի ու լոգիստիկ կազմակերպությունը ստիպված է իր ապրանքները Գյումրիից տանել Երևան այնտեղ մաքսազերծել և կրկին վերադարձնել պահեստներ՝ այնտեղ փաթեթավորելու և հասցեատիրոջն ուղարկելու համար: Կան այլ տեխնիկական բարդություններ ևս, որոնք ըստ պարոն Շահնազարյանի ներկայացվելու են  կառավարությանը՝ քննարկելու նպատակով: Կազմակերպություններն իրենք են որոշելու թե սեփական ուժերով են կառուցելու իրենց պահեստներն ու գրասենյակները, թե հայտարարելու են շինարարական մրցույթներ, որոնց ներգրավվելու են ոչ միայն միջազգային այլև հայկական կազմակերպությունները: Կան նաև այնպիսի գործընկերներ, որոնք ուղղակի վարձակալության սկզբունքով կոնկրետ պահեստից մի հատված կվերցնեն: Գյումրեցիների համար իհարկե շատ կարևոր է իմանալ թե որքան ժամանակ հետո քաղաքում կսկսեն գործել առաջին կազմակերպությունները, քանզի Իսրայել – Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատը մեկ տասնամյակի ընթացքում հազարավոր աշխատատեղեր ստեղծելու մասին էր խոսում:

– Բանակցությունների փուլը տևում է մոտ 9 ամիս, մինչև իրենք կսկսեն գալ ու աշխատել, բայց սովորաբար մինչև մեկ ու կես տարի կարող է տևել մինչև առաջին կազմակերպությունները գան Գյումրի, – փոխանցեց զրուցակիցս:

Սովորաբար շատ ավելի երկար ժամանակ է պահանջվում մինչև խոշոր կազմակերպությունները նման լոգիստիկ աշխատանքներ են իրականացնում անծանոթ երկրում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սովորաբար 2 տարի է տևում մինչև կազմակերպությունները սկսում են լիարժեք աշխատել, սակայն ամեն ինչ անելու են, որպեսզի կրճատեն այդ ժամկետն ու հասցնեն նվազագույնին, – պարզաբանեց Սուրեն Շահնազարյանը:

– Ծրագրերն իրականացվելու են փուլ առ փուլ և կա հստակ ժամանակացույց: Մեկ ու կես տարին ամենաբարդ ժամանակահատվածն է կառավարության որոշումից հետո և սկզբում մինչև 100 աշխատատեղ կստեղծվի ու այնուհետև թվերը կկրնապատկվեն ու մեկ տասնամյակի ընթացքում կանցնեն 10.000 – ի սահմանն ու եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի այն կլինի ողջ տարածաշրջանի ամենամեծ լոգիստիկ կենտրոնը մոտ  13.000 աշխատատեղով, – ամփոփեց իր խոսքը զրուցակիցս:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here