Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների ժամանակացույցն Հայաստանում

0
266

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արտակարգ դրության պայմաններում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներն անցկացվելու են այլ ձևաչափով:

Այս անգամ ապրիլի 24-ին բոլորս դեպի Ծիծեռնակաբերդ յուրահատուկ հեռավար ուխտագնացության եզակի հնարավորություն կունենանք: Այսպիսով, ապրիլի 24-ին՝ հայաստանյան ժամանակով ժամը 08:00-ից սկսած, սփյուռքի մեր հայրենակիցները արտերկրից կարող են հաղորդագրություն ուղարկել 0037433191500 համարին։ Նույն օրը՝ 22:00-ին մեկնարկող գեղարվեստական ծրագրի ողջ ընդացքում հաղորդագրություն ուղարկած մարդկանց անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:  Հարգանքի տուրքի գեղարվեստական ծրագիրը կընդգրկի տարբեր ժանրերի՝ դասական և ժողովրդական ստեղծագործություններ, որոնք ուղիղ եթերով կհեռարձակվեն հայաստանյան ժամանակով մինչև լուսաբաց:

Օրվա ընդացքում` ժամը 10:00-ից, Ծիծեռնակաբերդ կայցելեն ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ամբողջ հայության անունից ՀՀ կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Միջոցառումների ուղիղ եթերներին կարող եք հետևել նաև մեր գրասենյակի ֆեյսբուքյան  էջում (https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/):

Տեղեկացնենք նաև, որ ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին, Հայաստանում 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Սփյուռքի մեր եկեղեցիներին, համայնքային կազմակերպություններին և կառույցներին հորդորում ենք միանալ նախաձեռնությանը՝ 3 րոպե ղողանջելով եկեղեցական զանգերն ու տեղական իշխանությունների հետ համաձայնությամբ մարել հայկական փողոցների և հրապարակների լույսերը:

Այդ ընթացքում Հայաստանում կհնչի Ռ. Պատկանյանի «Արի իմ սոխակ» երգը, և բոլորի հայացքը կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։

Միջոցառումը կհեռարձակվի նաև ուղիղ եթերում։ Սփյուռքի մեր հայրենակիցներն աշխարհի տարբեր կողմերից կարող են միանալ այս միջոցառմանը՝ իրենց միտքն ու հայացքը հոգեպես ուղղելով դեպի հայրենիք:

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here