Պետախ Տիկվայի «Նաիրի» և «Նոյան Տապան» հայկական կազմակերպությունների ղեկավարները հանդիպել էին դեկտեմբերի 3 – ին քաղաքապետ Ռամի Գրինբերգի հետ, որի թույլտվությամբ Պետախ Տիկվայում այս տարի բացվել էր Իսրայելի պատմության մեջ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված առաջին հուշարձանը: Արցախյան պատերազմի օրերին և դրանից հետո մի շարք կարևոր հիմնախնդիրներ էին առաջացել հատկապես հայերի անվտանգության հետ կապված ու հանդիպման ընթացքում քաղաքապետին փոխանցվեց ադրբեջանցիների ու թուրքերի քաղաքում գործունեության և հնարավոր հարձակումներին վերաբերող մտահոգություններ: Հոկտեմբերի 15-ին պատերազմի օրերին ադրբեջանցիները գիտենալով, որ քաղաքում հայկական համայնք կա, քաղաքապետարանի դիմաց ցույց էին կազմակերպել ու ոստիկանությունը օրեր առաջ խնդրել էր հայերին փողոց դուրս չգալ ու չպատասխանել այս պռովոկացիաներին: Միևնույն ժամանկ քաղաքապետը զանգահարել էր «Նաիրի» միության պատասխանատուներին ու խնդրել հուշարձանի մոտ հավաքվել` հավանական հարձակումներից հուշարձանը պաշտպանելու համար, խոստանալով ոստիկաններ ուղարկել նաև տարածքը հսկելու համար: Մինչև օրս Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանի անվտանգության ապահովման համար տեսախցիկներ տեղադրված չեն: Քաղաքի համապատասխան ծառայությունից ամիսներ շարունակ թույլտվություն ստանալու հարցն էր ձգձգվում, որով պայմանավորված նաև հայերը խնդրել էին քաղաքապետ Ռամի Գրինբերգին ընդունել իրենց, քանզի հենց ադրբեջանական լոբին տեղեկացավ հուշարձանի մասին մինչև օրս զանգերը քաղաքապետարան չեն դադարում այն քանդելու պահանջով, նույնիսկ գործարարներ են հայտնվել, որ քաղաքապետին հաղորդել են, որ գործարքներ են կորցրել ու դրամական վնասներ կրել հայ-հրեական համագործակցությունից Պետախ Տիկվայում: Զրուցակիցս Պետախ Տիկվայի «Նոյան Տապան» հայկական, կրթական-մշակույթային միության նախագահ Դավիթ Գալֆայանն է: Նրա տեղեկացմամբ համայնքին հուզող բոլոր հիմնախնդիրները փաստերով գրավոր ներկայացրել էին քաղաքապետին: Հուշարձանի անվտանգության ու տեսախցիկների հարցը հայ պատվիրակների ներկայությամբ լուծվել էր, շոտով մոնտաժային աշխատանքները կսկսվեն: Ադրբեջանցիներն իրենց ցույցից երկու օր անց՝ հոկտեմբերի 17-ին թիվ մեկ Երուսաղեմ – Թել Ավիվ մայրուղու վրա հայկական ավտոշարասյան վրա հարձակում էին կատարել, որի արդյունքում տուժել էին 75 ամյա հաշմանդամ Պետրոս Օհաննեսյանը Թել-Ավիվից ու 26 –ամյա Արսեն Շպիլբերգը Պետախ Տիկվայից: Հարձակում գործած ու հայերին ծեծելու կոչերով հանդես եկած ադրբեջանցիների մի մասը հենց Պետախ Տիկվայի բնակիչներ են:
– Պետախ Տիկվայի քաղաքապետի ուշադրությունը սևեռեցինք հենց ադրբեջանցիների Պետախ Տիկվայի բնակիչ լինելու փաստի վրա և խնդրեցինք հետամուտ լինել հետախննությանը, – մեզ փոխանցեց պարոն Գալֆայանը: Հարցը պատահական չէր բարձրացվել, ադրբեջանցիների դատապաշտպանները հարցը ոստիկանությունում ներկայացնում են որպես մանր խուլիգանություն՝ ազգային հողի վրա կատարված հարձակման հայկական կողմի մեղադրանքերի դիմաց: Այժմ գործը հետաքննության փուլում է և ոստիկանությունը դեռ չի հրապարկել իր դիրքորոշումը, որից հետո միայն հնարավոր կլինի կամ համաձայնել կամ բողոքարկել: Երրորդ կարևոր հարցը Պետախ Տիկվայում հայ դպրոցականների անվտանգության հարցն էր: Մոտ օրերս արդեն բարձր դասարանցիները վերադառնալու են դպրոցներ՝ կարանտինի թուլացման պատճառով ու այժմ առավել քան երբևէ արդիական է հայ դպրոցականների պաշտպանության հարցը:
– Քանի որ մի քանի որից բարձր դասրանցիները վերադառնալու են դպրոց, ուստի չափազանց կարևոր է ապահովել հայ դպրոցականների անվտանգությունը և մեր ներկայությամբ պարոն Գրինբերգը զանգահարեց կրթության բաժնի ղեկավարին ու հանձնարարեց ուշադիր լինել ու թույլ չտալ դպրոցներում էթնիկ հողի վրա բռնություններ, – տեղեկացրեց Նոյան Տապան» հայկական կազմակերպության ղեկավարը:
Պատահական չէր բարձարցվել այս հարցը: Անցյալ տարի քաղաքի դպրոցներից մեկում ադրբեջանցի երկու տարի իրենից փոքր հայ աշակերտին սպառնացել էր մորթել, քանի, որ իր հայրը Բաքվում 90-ականներին հայերի է մորթել: Բավական մեծ աղմուկ էր բարձրացրել այս միջադեպը քաղաքում ու հայերի ընտանիքը տեղափոխվել էր ուրիշ քաղաք, որի պատճառներից մեկը հանդիսացել էր նաև այս դեպքը: Նամակով հայերը խնդրել էին նաև քաղաքապետին ուշադրություն դարձնել քաղաքում ադրբեջանցիների հետ միասին աշխատող նեոնացիստական «Բոզ կուրտ» թուրքական կազմակերպության վրա: Ի դեպ «Նաիրին» այս հարցը բարձրացրել էր նաև Պետախ Տիկվայի նորանշանակ ոստիկանապետ Յանիվ Ֆինկելի հետ հանդիպման ժամանակ: Ադրբեջանական ցույցերի ժամանկ ոչ միայն թուրքական դրոշներ են բարձրացվում Իսրայելում այլև բոզկուրտի խորհրդանիշն է ամենուրեք ցուցադրվում: Քաղաքապետին ներկայացվել էին ադրբեջանցիների ցուցադրած բոզկուրտի սիմվոլներն ու փոխանցված նամակի հետ մեկտեղ ներկայացվել էին բազմաթիվ ապացույցներ՝ նեոնացիստական կազմակերպության Իսրայելում գործունեություն ծավալելու փաստերի հետ կապված: Գալֆայանն անթույլատրելի էր համարում Իսրայելում, մի երկրում, որտեղ դեռ կենդանի են Հոլոքոստից փրկվածները թուրքական նեոնացիստական կազմակերպության առկայությունը: Քաղաքապետը հավանության էր արժանացրել նաև նրա հեղինակած նոր նախագիծը՝ հուշարձան-ցայտաղբյուր կանգնեցնել քաղաքի կենտրոնում նվիրված Շառլ Ազնավուրին: