Տեսագրությունը՝ Երուսաղեմի Հրեշտակապետաց վանքի տեսուչ, միաբան հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի արխիվից
Այս տարի կապված պաղեստինա-իսրայելյան թեժացած հակմարտության հետ Երուսաղեմի քրիստոնյա համայնքների համար Երուսաղեմի հին քաղաքի ոստիկանությունն իսկական «անակնկալ» էր պատրաստել: Ապրիլի 11 – ին ոստիկանություն հրավիրված 3 պատրիարքարանի ներկայացուցիչներին ուղղակի փոխանցվել էր որ այս տարի բոլոր համայնքների համար միայն 1000 քրիստոնյա է թույլատրելու մուտք գործել Սուրբ Հարության տաճար: Մեր պատվիրակությունն ուղղակի իր անհամաձայնությունը ներկայացնելով լքել էր ոստիկանությունը: Ըստ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հաղորդագրության.
– «Լույսի» արարողության վերաբերյալ Իսրայելի ոստիկանությունը իր որոշած սահմանափակումների մասին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը տեղեկացնելուց հետո, պատրիարքության տարածած հաղորդագրության հրապարակումից երկու օր անց Երուսաղեմի Հին քաղաքի ոստիկանատան քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպան հեռաձայնով տեղեկացրեց, որ արարողությանը հայ մասնակիցների թիվը 200-ից բարձրացվել է 450-ի:
Պատրիարքությունն այս դեպքում ևս իր անհամաձայնությունն էր հայտնել նոր այս թվաքանակի հետ կապված և ձեռնամուխ էր եղել մյուս իրավատեր համայնքների հետ միասնական բողոք-նամակ գրելու գործընթացին:
Ապրիլի 18-ին հենց արարողությունից օրեր առաջ իրավատեր երեք համայնքների Հոգևոր պետերը՝ Երուսաղեմի հայ պատրիարքը, Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքը և Սուրբ Երկրի Քուստոսը հետևյալ միասնական նամակն էին ուղարկել Իսրայելի մեծարգո նախագահ տիար Իցխակ Հերցոգին.
Նորին Գերազանցություն Մեծարգո Իցխակ Հերցոգ
Իսրայելի նախագահ
Երուսաղեմ
Ձերդ գերազանցություն,
Հղում ենք Ձեզ մեր ջերմ ողջույնները և հուսով ենք, որ Ձերդ Գերազանցությանն առողջ է։
Մենք համատեղ գրում ենք այս նամակը Զատկի տոնակատարություններին առաջարկվող անընդունելի սահմանափակումների և ընդգծված թվի կապակցությամբ։ 2022 թվականի ապրիլի 11-ին Երուսաղեմի եկեղեցիներին ոստիկանությունը տեղեկացրեց, որ միայն 1000 քրիստոնյա հավատացյալների է թույլատրվելու մտնել Սուրբ Հարության տաճար՝ Զատկի տոնին մասնակցելու համար, չնայած ընդունված է, որ հազարավոր մարդիկ կարող են մտնել եկեղեցի այս տոնի առթիվ։ Ավելին, ոստիկանությունը հայտարարել է, որ թույլ է տալու միայն 500 հոգու մուտք գործել քրիստոնեական թաղամաս և եկեղեցու բակին նայող տանիքի տարածք։ Եկեղեցիների ղեկավարները, որոնք պատասխանատու են Սուրբ Գերեզմանի և «Ստատուս քվոյի» կոմիտեի ձևավորման համար, խորը մտահոգություն և անհամաձայնություն են հայտնում այս անարդար և անբացատրելի որոշման առնչությամբ, որը սահմանափակում է քրիստոնյա ուխտավորների՝ տարվա կարևորագույն օրը մեր հավատքի ազատ պաշտամունքի իրավունքը:
Այս սուրբ պաշտամունքը, որը ձեռք է բերվել եկեղեցիների փոխհամագործակցությամբ և աղոթքով, շարունակվում է դարեր շարունակ. և մարդաքանակն երբեք խնդիր չի եղել անվտանգության կամ անվտանգության հետ կապված մտահոգությունների տեղիք երբևէ չի տվել:
Համաշխարհային քրիստոնեական համայնքն այս սահմանափակումները մեկնաբանում է որպես քրիստոնյա փոքրամասնության դեմ ուղղված անարդարություն:
«Ստատուս քվոյի» կոմիտեն հավատարիմ է անվտանգ արարողություն անցկացնելուն և խնդրում է, որ Իսրայելն իր չափորոշիչներով պահպանի աղոթելու իրավունքն, որպեսզի թույլ տա քրիստոնյաներին տոնել Քրիստոսի Հարությունն առանց դժվարությունների կամ սահմանափակումների:
«Ստատու սքվոյի» կոմիտեն կոչ է անում Իսրայելին ապահովել եկեղեցիների իրավունքը՝ կիրառելու իրենց սովորույթներն ու արարողություններն, ինչպես միշտ, և թույլ տալ քրիստոնյա ուխտավորներին ազատորեն մտնել Հին քաղաք և ճանապարհորդել դեպի Սուրբ Գերեզման:
Համաճարակի պատճառով երկու տարվա դժվարին պայքարից ու խիստ սահմանափակումներից հետո, այս արարողությունը կենսական նշանակություն ունի բոլոր համայնքների համար, ուստի այս անգամ ևս պետք է թույլատրվի ազատ և առանց սահմանափակումների աղոթել:
Մենք վստահ ենք՝ որ մեր անունից Ձերդ Գերազանցությունն իմաստուն միջամտություն կցուցաբերի և օգտվելով այս առիթից Ձերդ Գերազանցությանը փոխանցում ենք ՝ Խագ Պեսախ Սամեախ(թարգմանաբար եբրայերենից Զատիկի տոնը շնորհավոր), թող այս տոնն անցկացնեք առողջ և երջանիկ՝ ձեր ընտանիքի և սիրելիների հետ միասին:
Մեր լավագույն անձնական ողջույններով:
Թեոֆիլոս III, Հայր Ֆրանչեսկո Պատտոն, Արք. Նուրհան Մանուկյան
Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարք, Սուրբ Երկրի Կուստոսը, Երուսաղեմի հայոց պատրիարք
Սուրբ քաղաք Երուսաղեմ
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2022 թ.
Թե ինչպես արձագանքեցին հրեա ոստիկանությունն ու Իսրայելի կառավարությունն այդքան էլ կարևոր չէ, քանզի քրիստոնեական համայնքներն արեցին առավելագույնը՝ բոլոր ցանկացողների Սուրբ Հարության տաճար բերելու համար: Արարողության ժամանակ ինչպես հարյուրամյակներ շարունակ տաճարը լեփ-լեցուն էր հավատացյալներով, չնայած ոստիկանական սահմանափակումներին ու պատրիարքարաններին բաժանված սահմանափակ քանակության անցաքարտերի, գրեթե բոլորը հայտնվեցին տաճարում:
Մասնակիորեն տեղեկություններ ենք քաղել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ֆեսբուքյան էջից: