Անկախ քաղաքական ճգնաժամից՝ Հայֆայի քաղաքապետարանի որոշումը բացառիկ է

0
90

Հունվարի 21-ին Իսրայելի Հայֆա քաղաքի քաղաքապետարանի ավագանին միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և որոշեց Հայոց ցեղասպանության հրապարակ հիմնել Հայֆայի ամենաբանուկ Սդերոտ Բեն Գուրիոն փողոցի վրա, որը զբոսաշրջության ու հայֆացիների ամենասիրելի զբոսավայրերից մեկն է ու գտնվում է Բահայան այգիների հարևանությամբ: Մարտի 20-ին հանդիսավորությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության շրջանակի և ցուցանակի բացման արարողությունը։

Բացմանը ներկա էին Հայֆայի քաղաքապետ Էյնատ Կալիշ-Ռոտեմը, Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի պատվիրակությունը՝ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ու Հայր Աղան Գոչյանի մասնակցությամբ, Հայֆայի բոլոր կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներն ու Իսրայելի տարբեր շրջաններ իհայկական համայնքների ներկայացուցիչները, բազմաթիվ հրեա մտավորականներ ու համալսարանականներ։

«Առաջին լրատվական»-ին Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը մանրամասներ հաղորդեց. Հոգևոր հովին Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը հսյկական համայնք էր հրավիրել Հայֆա քաղաքի ավագանու ներկայացուցիչներից Նիռ Շուբեռին: Վերջինս այնքան է տարվել հայկական ծրագրերով, որ կես կատակ կես լուրջ, քաղաքապետարանում նրան անվանում են Նիռ Շուբեռյան:

Նա նշեց, որ համայնքի հարաբերությունները քաղաքապետարանի հետ միշտ ջերմ են եղել, ավելի են ջերմացել.«Առաջարկել էին Պետախ Տիկվայի օրինակով տեղ հատկացնել Հայոց ցեղասպանության հուշարձան կառուցելու համար: Քաղաքի ավագանու անդամը չէր մերժել, իսկ հունվարին ավագանու նիստի ժամանակ նշվել էր, որ Իսրայելի թվով 4-րդ մեծ քաղաքում կա նման հուշարձան, ինչու պետք է թվով երրորդ մեծ քաղաքը հետ մնա: Ի վերջո, որոշումը կայացվել էր միաձայն: Իմիջիայլոց քաղաքապետարանն ընտրել էր մի շատ հոյակապ վայր, որը ամենագլխավոր տուրիստական փողոցներից մեկն է՝ Սդերոտ Բեն Գուրիոն փողոցը, որի վրա է գտնվում աշխարհի ամենահայտնի այգիներից մեկը՝ Բահայան այգիները: Ցանկացած զբոսաշրջիկ, որ գալիս է Հայֆա, չի կարող չգնալ Բահայան այգիներ, իսկ եթե գնաց այնտեղ, կամա, թե ակամա, հայտնվելու է Հայոց ցեղասպանության հրապարակում և տեսնելու է նաև հուշարձանը, որը շուտով այնտեղ կկառուցվի»:

Չերնամորյանը նշեց, որ ցուցատախտակի վրա եբրայերենով գրված էր, որ սա Հայոց ցեղասպանության հրապարակն է՝ նվիրված 1915-23թթ. – ին Օսմանյան կայսրության կառավարության կողմից սպանված1,5 մլն հայերի հիշատակին: Սա, ըստ նրա, կարելի է համարել պատմական քայլ:

«Մոտ 300-ից ավելի մարդ էր հավաքված, կային ոչ միայն Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչներ, տարբեր համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, այլև հրեա մտավորականներ, պատմաբաններ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Քնեսետի նախկին պատգամավորներ»:

Ի դեպ, Հայֆայի քաղաքապետարանի վրա մեծ ճնշումներ են եղել այս օրերին, Թուրքիայի դեսպանը նամակ էր հղել Իսրայելի ԱԳՆ: Չերնամորյանի խոսքով՝ անկախ նրանից, թե Իսրայելում ինչ կոալիցա է իշխանության եկել, անկախ նրանից, որ հրեա ժողովրդի մի մասը պայքարում է դեմոկրատիայի համար, իրականացվող ռեֆորմների դեմ, ամեն շաբաթ մոտ կես մլն մարդ ցույցի է դուրս գալիս, անկախ այս քաղաքական ճգնաժամից՝ Հայֆայի քաղաքապետարանի որոշումը բացառիկ է:

«Նույնիսկ երկրի կառավարությունը չի կարող ազդեցություն ունենալ ընտրված մարմնի կայացրած որոշման վրա: Սա նաև նրանով է պատմական, որ Իսրայելի երրորդ խոշոր արդյունաբերական քաղաքը, որը նաև մտավորական և շատ ծանր կշիռ ունեցող քաղաք է Իսրայելում, նման որոշում է կայացրել: Սա հնարավորություն է ընձեռում մյուս, ավելի խոշոր քաղաքներում նմանատիպ որոշումներ կայացնել: Այստեղ ամեն մի համայնք պետք է իր տեղում աշխատի, որովհետև, օրինակ, Հայֆայի հայ համայնքը չի կարող նամակ ուղարկել Երուսաղեմի քաղաքապետարան: Երուսաղեմի հայ համայնքն ինքը պետք է տեղում աշխատի»,-ասաց նա:

Նա տեղեկացրեց, որ օրինակ Պետախ Տիկվայի հուշարձանը պատրաստվել էր Հայաստանում և բերվել այստեղ 2020 թվականի հունվարին : «Ապրիլի 24-ին, կարծում եմ Հայֆայի հուշարձանը դեռ պատրաստ չի լինի հաստատ, որովհետև նախագծման, տարածքում ջրահեռացման, էլեկտրաէներգիայի և այլ տարբեր խոչընդոտներ կան, որոնք պետք է ժամանակի հետ հաղթահարել, ստանալ համապատասխան թույլտվություններ:Հպարտ եմ, որ Իսրայելում կա նման հայկական համայնք և նման հոգևոր հովիվ, իրոք մեզ համար յուրօրինակ օրինակ է ծառայում»:

Ի դեպ, Երուսաղեմի հայոց պատրիարքն այս կարևոր միջոցառմանը ներկա չի գտնվել, պատրիարքարանից ներկա են եղել նորանշանակ կալվածաց տեսուչը՝ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը և նորանշանակ դիվանապետը:

Աղբյուրը՝ www.1in.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here