Հայկական հախճապակու 100 – ամյա պատմությունն Երուսաղեմում

0
969
Լուսանկարում՝ Նշան Բալյանը(մեջտեղում) - Սեպտեմբերի 28 - ին Էջմիածնում ցուցահանդեսի բացման արարողությունից հետո
Լուսանկարում՝ Նշան Բալյանը(մեջտեղում) - Սեպտեմբերի 28 - ին Էջմիածնում ցուցահանդեսի բացման արարողությունից հետո

Իսրայելում  այս տարի նշվում է հայկական մշակույթի ճյուղերից մեկի՝  հախճապակու արվեստի հիմնադրման 100 ամյակն, որի կապակցությամբ ցուցահանդեսներ բացվեցին այստեղ: Թուրքական կայսրության Կութահիա կոչված վայրն, որը մեզանում հայտնի է Գուդինա անունով,  եղել է հայկական խեցեգործության գլխավոր կենտրոններից մեկը սկսած 16 –րդ դարից:

20-րդ դարի սկզբներին քաղաքը հայտնի էր հայկական հախճապակու իր ուրույն արվեստով և 1919 թ.-ին անգլիացի դիվանագետ Մարկ Սայքսն, ում աշխարհը գիտի Սայքս-Պիկոյի գաղտնի պայմանագրից, նամակով Երուսաղեմ է հրավիրում Գուդինայում(Կութահիայում) հայտնի հայ վարպետ, հայկական հախճապակու կազմակերպության ղեկավար Դավիթ Օհաննեսյանին, ով իր հետ Երուսաղեմ է բերում հայկական կերամիկայի ամենահայտնի արվեստագետ Նշան Բայլյանին և գծագրող Մկրտիչ Կարագաշյանին՝ Օմարի տաճարի սալիկների վերանորոգման աշխատանքները կազմակերպելու համար: 1919 թ.-ին մշակույթի այս ճյուղը հիմնադրվում է Երուսաղեմում, որտեղից տարածվում է ողջ Մերձավոր Արևելքում: Մինչև 1947 թ.-ը պարոն Օհաննեսյանը մնում է Երուսաղեմում, այնուհետև տեղափոխվում Եգիպտոս ու այնուհետև Լիբանան, իսկ Երուսաղեմում Բալյան ու Կարագաշյան ընտանիքները միասին աշխատում են մինչև 1964 թ.- ը մինչև Նշանի ու Մկրտիչի մահն ու այնուհետև բաժանվում են ու ստեղծում երկու ստուդիա:

 

Բալյանների նշանավոր տոհմի ժառանգ՝ Նշան Բալյանն, այսօր շարունակում է իր պապի գործն Երուսաղեմում: Իր հոր՝ Սեդրակի հետ, ով հայկական կերամիկայի փայլուն վարպետ էր, ստուդիայի աշխատանքները շարունակեց նրա մայրը՝ Մարի Բալյանն, ում հետ մենք պատիվ ենք ունեցել հանդիպել երկու անգամ Երուսաղեմի իր ստուդիայում: Նա շարունակելով Բալյանների սկսած գործը յուրահատուկ ոճ ու հայկական գույներ ավելացրեց հայկական հախճապակու արվեստի մեջ: Ցավոք սրտի տիկին Բալյանն իր մահկանացուն կնքեց 2017 թ.-ի  սեպտեմբերին ու իր մահկանացուն կնքելուց առաջ նվիրեց Երուսաղեմին 1000 սալիկից բաղկացած մի մեծ գործ, որն այսօր էլ կարելի է հանդիպել Երուսաղեմի Խորեշ փողոցի շենքերից մեկի պատի վրա, որը գնահատվում է 250.000 ԱՄՆ դոլար:

– Մինչև 1964թ.- ը Կարագաշյաններից բաժանումը մայրս չէր աշխատում մեր ստուդիայում: Նա Ֆրանսիահայ էր ու ավարտել էր Լեոնի արվեստների համալսարանը, գծագրիչ էր ու բաժանումից հետո միայն հնարավորություն ստացավ զբաղվել խեցեգործությամբ, – պատմեց պարոն Բալյանը:

Մահմեդական խեցեգործություն այն ժամանակ հայտնի էր զուտ իր գծագրական նախշերով ու կանաչ և կապույտ գույներով, որից հրաժարվելով տիկին Բալյանն իր ամուսնու հետ նոր թարմություն բերեց այս մշակույթի մեջ՝ օգտագործելով հայկական մանրանկարչության ու մեր մշակույթի մեջ առկա տարբեր տարրերը, վառ գույներն ու հայկական լեռնաշխարհի կենդանիներին՝ եղնիկներին ու հավքերին՝ այդպիսով ընդգծելով մեր մշակույթն ու բարձրացնելով այն մի ուրույն մակարդակի:

– Հորս Սեդրակ Բալյանի հետ մայրս 1964թ.- ից Երուսաղեմի այս արվեստի ճյուղի մեջ նոր ուղղություն ստեղծեց՝ գծագրական նախշերը փոխարինելով հայկական մանրանկարչության մեջ հայտնի վառ գույներով ու երանգներով՝ եղնիկներով ու թռչուններով հարստացնելով հախճապակին, – տեղեկացրեց հայ արվեստագետը:

Հայկական գույներն ու  վառ երանգներն մինչև օրս անհասանելի են արաբ խեցեգործների համար, որոնք Իսրայելի հյուսիսից մինչև հարավ ջանում են անօրինական կարգով կրկնօրինակել հայկական մշակույթն և ով որ գոնէ մեկ անգամ եղել է Երուսաղեմի հին քաղաքում կարող է տեսնել զարդանախշ ափսեների, բաժակների այն առատությունն, որ վաճառում են արաբ վաճառականներն երբեմն Բալյան ազգանվան տակ: Հնարավոր չէ պայքարել այս մարդկանց դեմ ասաց Նշանը, քանի որ ապրում են Իսրայելում և Պաղեստինում և ոչ թե Եվրոպայում կամ Ամերիկայում և այստեղ հեղինակային իրավունքն ամենուր ոտնահարվում է: Նրանք բացատրում են հաճախորդներին թե ինչպես է կարելի զանազանել Բալյանների կերամիկան, ինչ է գրված ափսեների հետևում: Ինչով է պայմանավորված, որ իսկական գործն արժե ասենք 50 ԱՄՆ դոլար և ոչ թե 10:

Պապի սկսած գործն ամուր ձեռքերում է: Այն շարունակում է Նշանը, նրա որդիներ Գեղամն ու Սեդրակն: Ի դեպ Սեդրակը Հայաստանում է ու պարոն Բալյանը պատմեց, որ սեպտեմբերի 28 –ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Էջմիածնի Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանի մեջ բացվել է Երուսաղեմի հախճապակու արվեստի հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը բաց է լինելու մինչև 2020 թ.-ի հունվարի սկիզբը և ծրագրավորում են նաև երկարացնել:

100 կտոր Երուսաղեմից հասցրել են Հայաստան, որոնց մեջ կան 1919թ. – ի Գուդինայի աշխատանքներից մինչև օրս պատրաստված տասնյակ արվեստի գործեր: Գլուխգործոցների  80 %  Բալյաններին է, կան նաև Կարագաշյաններից ու Օհաննեսյաններից աշխատանքներ: Ամենակարևորը սակայն այն աշխատանքներն են, որ այսօր տարվում են Հայաստանում: Նշան Բալյանի տեղեկացմամբ նրանք այժմ խեցեգործության այս հայկական մշակույթը  բերել են Հայաստան: Երևանում ստեղծել են փոքրիկ ստուդիա, համագործակցում են Իտալացիների հետ և նույնիսկ Գյումրիում ստեղծված նմանատիպ մի ստուդիա հետ են աշխատելու, որը հիմնադրվել է Գյումրու Իտալիայի հյուպատոսարանի հովանավորչությամբ: Նույնիսկ քոլեջ են ուզում հիմնադրել Հայաստանում երկամյա, որտեղ հայ ուսանողները հնարավորություն կստանան բացահայտել հարյուրամյակների հնություն ունեցող արվեստի  այս ճյուղի գաղտնիքները: Շաբաթներ առաջ զրույցներ է ունեցել նաև Հայաստանի «Թումո» կենտրոնի հետ ու այստեղ շատ են շահագրգռված հայկական հախճապակու արվեստը հայ երեխաներին փոխանցելու հետ կապված: Հիմնական ուղղությունն այժմ Հայաստանն է, որտեղ պետք է վերածնել հին մշակույթի այս ճյուղը: Հայ արվեստագետը երկու շաբաթ առաջ  է վերադարձել  Հայրենիքից ու հետաքրքրվեցինք թե փոփոխություններ տեսել է հեղափոխությունից հետո:

– Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում և բարեկամներիս ու ծանոթներիս 80% վկայում է այդ մասին: Կան նաև դժգոհներ, սակայն համբերություն է պետք: Մեկ մարդ եկավ ու կապ չունի թե ինչ է նրա անունը, տեղի ունեցան փոփոխություններ, մարդիկ ձերբազատվեցին օլիգարխներից, սկսեցին շունչ քաշել ու 25 – 30 տարիների կյանքը հնարավոր չէ փոխել մեկ կամ երկու տարվա մեջ, համբերությունով պետք է զինվել ու համոզված եմ, որ եթե այսպես շարունակվի Հայաստանը կդառնա աշխարհի ամենալավ պետություններից մեկը, – եզրափակելով ասաց Նշան Բալյանը:

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here