Գևորգ Դիլսիզյանը փախել էր Ֆրանսիա 19-րդ դարի վերջին թուրքերի կողմից հայերի հետապնդումների պատճառով: Նա ամուսնացել և 13 երեխա էր ունեցել: Նրա որդի Անդրեն ամուսնացավ Լեա Ալբոհերի հետ, որի հրեա ընտանիքը Թուրքիայից ներգաղթել էր Ֆրանսիա: 1942թ.-ին այս զույգն աղջիկ ունեցավ՝ Լիլիանին:
Գերմանացիների կողմից Ֆրանսիայի շրջափակման ժամանակ Գևորգ Դիլսիզյանն և նրա որդի Անդրե-Գուստավը թաքցնում էին Լեայի ազգականներին՝ Լեոն և Սավի ընտանիքների անդամներին:
Քերոլայն՝ (Լեոն) Էլբազի հայրը, ծառայում էր ֆրանսիական բանակում, երբ բռնկվեց պատերազմը և նա գերի վերցվեց գերմանացիների կողմից: Նրա մայրը երեխաներին ուղարկեց դայակի մոտ, բայց հետո որոշեց նրանց հետ վերադարձնել Փարիզ, քանի որ նրանց վատ էին խնամում, և դայակը պահանջում էր, որ նրանք կնքվեն: Քերոլայնի եղբայրները մեկ այլ տեղ ուղարկվեցին, իսկ նա մնաց մոր հետ: Փարիզում հրեաների արտաքսումները սկսվեցին 1942թ.-ին: Երբ Քերոլայնը իր պապիկի ու տատիկի՝ Սամուել ու Կալո Սավիների տանն էր, ֆրանսիական ոստիկանությունը թակեց դուռը: Վախեցած տատիկն ու պապիկը չբացեցին դուռը: Քերոլայնը հիշում է, թե ինչպես է լսել, որ դռնապանը ոստիկանին ասել է, թե իբր ընտանիքը տանը չի, որին ոստիկանները պատասխանել են, որ կվերադառնան հաջորդ օրը: Տատիկն ու պապիկը շտապ գնացել են Քերոլայնի մոր բնակարան, որն իր հերթին խուճապահար եղած դիմել է «Մորաքույր Լուլուին» և նրա ամուսին Անդրե Դիլսիզյանին:
Անդրեն առաջարկեց, որ տատիկն ու պապիկը թաքնվեն Բրունոյում գտնվող իր հոր տանը: Քանի որ տարեց մարդիկ ոչ մի բառ չէին խոսում ֆրանսերեն, որոշվեց, որ Քերոլայնը միանա նրանց և ծառայի որպես թարգմանիչ: Անդրեն երեքին էլ տարավ իր հոր տուն, որտեղ նրանք թաքնվեցին մինչև ազատագրումը:
Գևորգը նրանց համար թաքստոց պատրաստեց իր տան նկուղում: Քերոլայնն իր տատիկի ու պապիկի հետ նույն անկողնու մեջ էր քնում: Մի տարի նրանք մնացին նկուղում, և Դիլսիզյանը նրանց կերակուր ու այլ անհրաժեշտ պարագաներ էր բերում: Նա նաև համոզեց, որ Քերոլայնը շարունակի ուսումը: Մեկ տարի մութ նկուղում անցկացնելուց հետո Գևորգը խղճաց երիտասարդ աղջկան, որը ցերեկվա լույսը չէր տեսնում: Նա ասաց իր հարևաններին, որ իր թոռնիկը ապրելու է իր հետ, և աղջկան ուղարկեց սովորելու մենաստան-դպրոց: Երբ նա տուն էր գալիս դպրոցից, Գևորգը նստում էր նրա հետ և օգնում կատարել տնային աշխատանքները:
Հիշելով իր փրկչին, Քերոլայնը ասաց Յադ Վաշեմին, թե.
«Նա շատ ուրախ կլիներ իմանալ, որ նրա շնորհիվ ես ունեմ 5 երեխա, 17 թոռ և մինչ այժմ 18 ծոռ, որոնք ապրում են Իսրայելում: Նա, փաստորեն, փրկեց 40 անձի»:
Լեա Ալբոհեր-Դիլսիզյանի այլ ազգականները նույնպես թաքստոցի կարիք ունեին: Չնայած այն փաստին, որ ամուսնացած էր հրեա կնոջ հետ և նրանք դուստր ունեին, Անդրե Դիլսիզյանը, ռիսկի ենթարկելով իր ընտանիքը, չվարանեց և իր կնոջ զարմիկներին՝ Իդա և Կորիննե Սևիներին թաքցնել Մոնտաշեի իր տանը:
Լիլիանե դե Տոլեդոն՝ Անդրե և Լեա Դիլսիզյանների դուստրը, պատմեց Յադ Վաշեմին, որ երբ նրա պապիկը ականատես եղավ գերմանական շրջափկման ժամանակ հրեաների հետապնդումներին, դա նրան հիշեցրեց հայերի հետապնդումների և Ցեղասպանության մասին, որի զոհն էր դարձել իր ժողովուրդը: «Այն փաստը, թե ինչպես է մի ժողովուրդ ևս մեկ անգամ հետապնդվում պաշտոնական իշխանությունների կողմից, նրանց ցավ էր պատճառում և հիշեցնում այն ամենի մասին, ինչ հայերն էին տեսել 25 տարի առաջ»:
Գեորգ Դիլսիզյանը մահացավ 1946թ-ին: Նրա որդի Անդրե Գուստավը իր մահկանացուն կնքեց 1971-ին:
2011-ի փետրվարի 22-ին Յադ Վաշեմը ճանաչեց Գեորգ Դիլսիզյանին ու նրա որդի Անդրե-Գուստավին որպես «Ազգերի Առաքյալներ»:
Տեղեկատվությունը լրաքաղված է Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:
Նյութը թարգմանել է Ամալյա Հարությունյանը(Ռ.Վալլենբերգի հիմնադրամի կամավոր)
Աղբյուրը՝
http://www1.yadvashem.org/yv/en/righteous/stories/dilsizian.asp